• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Ռումինիայում

24 ապրիլի, 2015

Ապրիլի 24-ին Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննիսը ուղերձ է հղել հայերին:
«1915թ. ողբերգական իրադարձություներից մեկ դար անց իմ խոնարհ հարգանքն եմ բերում հայ ժողովրդի զոհերին, ովքեր անցյալ դարի սկզբից տասնամյակներով դիմադրել են պատմական աղետներին և դժվար փորձություններին: Հարյուր հազարավոր անմեղ հոգիներ զոհվեցին այդ սարսափելի հանցագործության ժամանակ, որը ստվերում է մարդկությունը և որը մեզ ստիպում է այսօր ճանաչման և հաշտեցման: 

Հայ ժողովրդի ողբերգության ճանաչումը կարևոր և անհրաժեշտ ազդակ է ատելությունը, անհանդուրժողականությունը, ռասիզմը և այլատյացությունը արմատախիլ անելու համար»,- ուղերձում ասում է նախագահ Կլաուս Յոհաննիսը:
Ռումինիայի նորագույն պատմության մեջ առաջին անգամն է, որ պետության ղեկավարը արտահայտվում է Հայոց ցեղասպանության կապակցությամբ: 

Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության ճանաչման կոչով հայտարարություն է տարածել նաև Ռումինիայի պատգամավորների պալատի մարդու իրավունքների հանձնաժողովը, որով հանձնաժողովի նախագահ Նիկոլաե Պաունը, հղում անելով Հռոմի պապի ուղերձին և Եվրոպական Խորհրդարանի ապրիլի 15-ի որոշմանը, առաջարկում է «հրեաների և գնչուների հոլոքոստի շարքում Ռումինիայում նշել նաև հայերի դեմ ցեղասպանությունը, ներառյալ օրենսդրական նախաձեռնության ձևով Ապրիլի 24-ը Մարդկության դեմ ցեղասպանության հիշողության օր հայտարարելու միջոցով»:

Ապրիլի 24-ին Ռումինիայի Երիտասարդների ֆորումը, որը միավորում է 150 երիտասարդական կազամկերպություններ, և Ռումինահայ Երիատասարդաց միությունը համատեղ հայտարարությամբ դիմել են Ռումինիայի նախագահին, Խորհրդարանին և կառավարությանը` միանալու Եվրոպական Խորհրդարանի որոշմանը և ճանաչելու Հայոց ցեղասպանությունը:

Հայաստանի քաղաքների հետ եղբայրացած մի շարք ռումինական քաղաքների քաղաքապետեր համերաշխության ուղերձներ հղեցին Հայոց ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ:

Հայոց ցեղասպանությունը ճանաչելու պահանջով հայտարարություններով և բաց նամակներով հանդես են եկել նաև մի շարք ճանաչված մտավորականներ: Ռումինական հեռուստատեսությունը, գրավոր մամուլը և լրատվական գործակալությունները լայնորեն անդրադարձան Հայոց ցեղասպանությանը: Ուղիղ եթերով հեռուստաբանավեճերի, թեմատիկ հաղորդումների և հեռուստալուրերի միջոցով լուսաբանվեցին հայոց ցեղասպանությանը նվիրված Ռումինիայի և Հայաստանի առանցքային միջոցառումները: Տարբեր հեռուստաալիքներին հարցազրույցներով հանդես եկավ Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը, Ռումինիայի Հայոց միության նախագահ, սենատոր Վարուժան Ոսկանյանը, Խորհրդարանի ազգային փոքրամասնությունների խմբի նախագահ Վարուժան Փամբուկչյանը, ռումին պատմաբաններ և վերլուծաբաններ: Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված «Պատմություններ հայերի հետ» հաղորդաշարեր թողարկեց Ռումինիայի Կլուժի հանրային TVR3 հեռուստատեսությունը: Ապրիլի 23-ին ռումինական «Ադեվարուլ» խոշոր օրաթերթը «Հայոց ցեղասպանություն. Հարյուր տարվա բաց վերք» վերտառությամբ ամբողջական էջ նվիրեց Հայոց ցեղասպանության նյութին, «Օբսերվատորուլ կուլտուրալ» շաբաթաթերթն իր ապրիլի 23-29-ի համարում «Թղթապանակ 1915. Հայոց ցեղասպանություն» խորագրով 10 էջանոց հոդվածաշար հրատարակեց: 

Ապրիլի 21-ին Հայոց ցեղասպանությանը նվիրված Ընթերցանության համաշխարհային օրվա շրջանակներում Ռումինիայի 12 քաղաքների հեղինակավոր հաստատություններում ընթերցվեցին հայ դասականների գործեր: Բուխարեստի Կանտակուզինո պալատի Մեծ սրահում Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյան» վեպից բեմականացված ընթերցումով հանդես եկան ռումին, հրեա, գնչու և հայ արտիստներ:

Ապրիլի 23-ին Բուխարեստի Ռադիոյի տան 1000 տեղանոց դահլիճում կայացավ Կոմիտասին նվիրված «Արարատից Կարպատներ» հայ-ռումինական երաժշտական երեկո` ռումինական ժողերաժշտության վարպետ Գրիգորե Լեշեի և կոմպոզիտոր, երաժշտագետ Արթուր Շահնազարյանի ղեկավարությամբ: Կոմիտասի գործերի և հայկական ժողովրդական մեղեդիների կատարումներով հանդես եկան երգչուհի Հասմիկ Բաղդասարյանը, դուդուկահար Էմանուել Հովհաննիսյանը, շվիահար Ավագ Մարգարյանը, թմբկահար Տիգրան Հովհաննիսյանը, երկրորդ դուդուկահար Արկադի Քոչարյանը:

Նույն օրը կեսօրին Բուխարեստի կենտրոնում կազմակերպվել էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված երիտասարդական ֆլեշ-մոբ, որից հետո ռումինահայ համայնքը Բուխարեստի Հայոց եկեղեցում հետևել էր Մայր Աթոռ Սբ Էջմիածնում Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման արարողությանը: 

Ապրիլի 24-ի միջոցառումները մեկնարկեցին Բուխարեստի Հայոց եկեղեցում մատուցված պատարագով և էկումենիկ աղոթքով, որից հետո Ռումին Շինականի ազգային թանգարանում բացվեց «Հայկական պատումներ. Արարատից Ստրադա Արմենեասկա» խորագրով ցուցահանդեսը: Ցուցահանդեսի շրջանակներում ներկայացված են Ռումինիայում ապաստանած հայերի պատմությունն ու մշակույթը, առօրյան ու ապրելակերպը: Մեկամսյա ցուցահանդեսի ընթացքում ներկայացվելու են նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տրամադրած ժամանակավոր ցուցադրությունները, ինչպես նաև ռումինահայերի ավանդական արհեստներն ու խոհանոցը: Բացման պաշտոնական արարողությունից հետո թանգարանի դահլիճում Արթուր Շահնազարյանի ղեկավարությամբ տրվեց հայկական երաժշտության համերգ:

Ապրիլի 24-ի երեկոյան Բուխարեստի Վիկտորյա հրապարակում, Կառավարության շենքի դիմաց, անցկացվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բազմամարդ հանրահավաք, որտեղ հայերին միացան նաև այլ ազգային փոքրամասնություններ` հրեաներ, հույներ, գնչուներ, հունգարներ, ինչպես նաև Ռումինիայում բնակվող արաբներ և քրդեր: Հանրահավաքում հայ ժողովրդի կրած վիթխարի կորուստների և մինչև այսօր դրա ծանր հետևանքների, դրանց հաղթահարման ուղիների մասին ելույթով հանդես եկավ դեսպան Համլետ Գասպարյանը: Քաղաքական իրավիճակի վերաբերյալ մեկնաբանություններով հանդես եկան Խորհրդարանի ազգային փոքրամասնությունների խմբի նախագահ Վարուժան Փամբուկչյանը և Ռումինիայի Հայոց միության նախագահ, սենատոր Վարուժան Ոսկանյանը: Հայ ժողովրդի նկատմամբ համերաշխության կոչեր հչեցրեցին հրեական համայնքի ղեկավար պատգամավոր Աուրել Վայները, հունական համայնքի ղեկավար պատգամավոր Դրագոշ Զիսոպոլը, Ռումինիայի պատգամավորների պալատի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ, գնչուների Pro Europa կուսակցության նախագահ Նիկոլաե Պաունը: Ռումինիայի քրդական մշակութային միությունը հանդես եկավ քավության և Հայոց ցեղասպանությունը ճանաչելու և դատապարտելու հայտարարությամբ: Հանրահավաքին Ռումինահայոց թեմի առաջնորդ Տաթև եպիսկոպոս Հակոբյանի գլխավորությամբ մասնակցում էին Ռումինիայի քրիստոնյա այլ համայնքների բարձրաստիճան եկեղեցականներ: 

Ապրիլի 25-ին, Պիտեշտ քաղաքի Շինականի թանգարանի տարածքում կազմակերպվեց Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակի ծառատունկ, որի ընթացքում տնկվեցին 100 մրգատու ծառեր և 100 անմոռուկներ, տեղադրվեցին Հայոց ցեղասպանությունը հիշատակող ցուցանակներ: Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Տաթև եպիսկոպոս Հակոբյանի գլխավորությամբ, տեղական իշխանությունների և ՀՀ դեսպանության մասնակցությամբ հիշատակի արարողություն տեղի ունեցավ Պիտեշտի կենտրոնում տեղադրված Հայոց ցեղասպանության խաչքար-հուշարձանի մոտ: 

Ապրիլյան օրերին հիշատակի պատարագ մատուցվեցին Ռումինիայի հայ առաքելական և կաթոլիկ բոլոր եկեղեցիներում: Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդեսներ, գրքերի շնորհանդեսներ և ֆիլմերի ցուցադրություններ կազմակերպվեցին Կոնստանցայում, Բակաուում, Ռոմանում, Բոտոշանում, Յաշում, Կլուժում, Գեռլայում, Դումբրավենում, Թըրգու Մուրեշում և Գեորգենում: Խոշոր կրթական կենտրոն համարվող Յաշի միջնակարգ և բարձրագույն ուսումնական հաստատություններում անցկացվեցին Հայոց ցեղասպանությանը նվիրված բաց դասեր: Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշատախտակներ տեղադրվեցին մի շարք վայրերում, Բուխարեստում բացօթյա ներկայացվեցին Հայոց ցեղասպանությանը նվիրված ժամանակավոր ցուցադրություններ և պաստառներ տարածվեցին Կոնստանցայի կարևոր և բանուկ հատվածներում:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: