• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Դեսպան Մինասյանի հարցազրույցը «Առավոտ»-ին

20 նոյեմբերի, 2018
Դեսպան Մինասյանի հարցազրույցը «Առավոտ»-ին
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

«Առավոտ»-ի զրուցակիցն է Ռումինիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Մինասյանը

Պարոն Մինասյան, հոկտեմբերի 8-ին Ռումինիայի խորհրդարանը ավարտին հասցրեց անցած տարվա նոյեմբերի 24-ին Բրյուսելում կնքված՝ ԵՄ-Հայաստան Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) վավերացման գործընթացը, Ռումինիայի խորհրդարանի ստորին պալատն այն վավերացրել էր հունիսի 27-ին։

-Ֆեյսբուքյան ձեր էջում հայտնել էիք. «Հայաստանի Հանրապետության` մի կողմից, Եվրոպական Միության եւ Ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների` մյուս կողմից, միջեւ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության» համաձայնագրի մասին օրինագիծը Սենատն ընդունեց միաձայն քվեարկությամբ՝ 96 կողմ, 0 դեմ ձայներով: Օրենքն ուժի մեջ կմտնի Ռումինիայի նախագահի կողմից ստորագրվելուց եւ պաշտոնապես հրապարակվելուց հետո»: Նախ՝ շնորհավորում եմ, ինչպե՞ս հաջողվեց այսպիսի միաձայն քվեարկության հասնել: 

-Նախ՝ շնորհակալություն շնորհավորանքի համար: Պետք է նշել, որ ոչ միայն Ռումինիայի Սենատը, այլ նաեւ Ռումինիայի խորհրդարանի Ստորին պալատը նույնպես միաձայն հավանություն է տվել պայմանագրի վավերացմանը: Կարծում եմ՝ դա բացատրվում է մի քանի հանգամանքներով. առաջին հերթին այն, որ ռումինական կողմը, մասնավորապես Ռումինիայի վարչապետ, իշխող սոցիալ-դեմոկրատական կուսակցության (PSD) փոխնախագահ Վիորիկա Դանչիլայի, Սենատի նախագահ, ALDE կուսակցության նախագահ Կալին Պոպեսկու-Տարիչեանուի եւ, իհարկե, ԱԳ նախարար Թեոդոր Մելեշկանուի աջակցությամբ ընտրեց փաստաթղթի վավերացման պարզեցված ընթացակարգը, ինչը չափազանց կարեւոր էր՝ հաշվի առնելով Ռումինիայի քաղաքական եւ կառուցվածքային առանձնահատկությունները: Մյուս կողմից՝ խորհրդարանում բավականին կարեւոր դեր խաղացին հայազգի պատգամավորներ՝ Ռումինիայի հայերի միության նախագահ, հայտնի հասարակական-քաղաքական գործիչ, պատգամավոր Վարուժան Ոսկանյանը, Ազգային փոքրամասնությունների խմբի ղեկավար, պատգամավոր Վարուժան Փամբուկչյանը, ինչպես նաեւ PSD-ից պատգամավոր Էդվարդ Լուչիան Սիմեոնը: Եվ, իհարկե, գործընթացի վրա չէին կարող չազդել հայ եւ ռումին ժողովուրդների բազմադարյա պատմական եւ մշակութային կապերը, հայ համայնքի ներկա դիրքը Ռումինիայի քաղաքական, տնտեսական եւ մշակութային կյանքում:

– Ռումինիայի խորհրդարանի վավերացումից հետո նախագահի կողմից ստորագրությանը ե՞րբ սպասենք:

– Բնականաբար, այդ գործընթացը պետք է անցնի օրենքով սահմանված ընթացակարգ, բայց կարծում եմ, որ այն երկար չի տեւի:

– ԵՄ-Հայաստան Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացումից հետո ի՞նչ զարգացումներ են ակնկալվում երկկողմ հարաբերություններում:

– Հայաստանը մշտապես կարեւորել է դարերի պատմություն ունեցող հայ-ռումինական հարաբերությունները, եւ դրանք զարգացնելու ուղղությամբ գործնական քայլեր ձեռնարկելու պատրաստակամությունը վերահաստատվել է Հայաստանի եւ Ռումինիայի ԱԳ նախարարների՝ վերջերս Նյու Յորքում կայացած հանդիպմանը: Որպես համագործակցության առավել խորացման ուղղությամբ կարեւոր քայլ կարող եմ առանձնացնել երկարատեւ դադարից հետո ՀՀ եւ Ռումինիայի ԱԳՆ-ների միջեւ քաղաքական խորհրդակցությունների անցկացումը: ՀԸԳՀ-ն ինչպես ԵՄ, այնպես էլ ԵՄ անդամ պետությունների հետ երկկողմ համագործակցության հետագա զարգացման հիմնական ուղեցույցն է: 2019թ. առաջին կեսին Ռումինիան լինելու է ԵՄ նախագահող երկիր, ինչը կարեւոր է Հայաստանի համար, եւ հետեւաբար աշխատելու ենք երկկողմ հարաբերություններում ձեռք բերված դրական դինամիկան արտացոլել նաեւ բազմակողմ ֆորմատով` եվրոպական ուղղվածությամբ:

– Ապրիլին «Առավոտին» տված հարցազրույցում վստահեցրիք, որ ռումինական կողմը քանիցս հավաստիացրել է, որ ՀԸԳՀ վավերացումը ընթանալու է արագացված եւ պարզեցված ընթացակարգով, այն կվավերացվի մոտ ապագայում, եւ դրան արդեն կհաջորդի ավելի բարդ աշխատանքը: Ի՞նչ բարդ աշխատանք է սպասում Հայաստանին:

– Բնականաբար, ինչպես մեզ համար առաջնային քաղաքական օրակարգի, այնպես էլ ԵՄ երկրների հետ առեւտրատնտեսական հարաբերություններում նոր շրջանակային համաձայնագիրը կարեւոր նշանակություն կարող է ունենալ: Անդրադառնալով հայ-ռումինական հարաբերություններին՝ պետք է նշել, որ, ցավոք սրտի, տնտեսական բաղադրիչը այդքան էլ չի համապատասխանում ներկա քաղաքական երկխոսության դինամիկային եւ այն պատմական ու մշակութային կապերին, որոնք առկա են մեր երկու ժողովուրդների եւ պետությունների միջեւ: Այստեղ, կարծում եմ, ոչ միայն հայկական կողմը, այլ նաեւ մեր ռումինացի գործընկերներն անելու շատ բան ունեն՝ ակտիվացնելու համագործակցությունը, օրինակ՝ վերականգնելով միջկառավարական հանձնաժողովի աշխատանքները, որի վերջին նիստը տեղի է ունեցել 2013թ.:

– Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովում նախագահությունը Մադագասկարից փոխանցվեց Հայաստանին: Մեր երկիրն առաջիկա երկու տարիների ընթացքում կնախագահի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովը: Այս հարթակը գործնականում Հայաստանի համար ի՞նչ հնարավորություններ է բացում, ի՞նչ աշխատանքներ եք տեսնում, ո՞ր ուղղություններով:

– Իսկապես Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի բարձր մակարդակով անցկացումը չափազանց լուրջ ձեռքբերում է Հայաստանի համար ինչպես արտաքին քաղաքականության իրականացման, այնպես էլ Հայաստանը ամբողջ աշխարհին ավելի ճանաչելի դարձնելու առումով: Ռումինիայի հետ հարաբերություններում կարեւոր հարթակներից է նաեւ ՖՄԿ եւ ֆրանկոֆոն այլ կառույցների շրջանակներում համագործակցությունը: Ռումինիան կարեւոր դեր է խաղում ֆրանկոֆոն շարժման մեջ, այստեղ են տեղակայված ՖՄԿ Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի, ինչպես նաեւ Ֆրանկոֆոն համալսարանականների միության տարածաշրջանային կենտրոնակայանները: Ի դեպ, Ռումինիան Երեւանի գագաթնաժողովին մասնակցեց փոխվարչապետ Անա Բիրչալի մակարդակով, որը գագաթնաժողովի բացմանն ընթերցեց Ռումինիայի վարչապետի ուղերձը: Շարունակելու ենք ակտիվ համագործակցել մեր ռումին գործընկերների, ինչպես նաեւ Ռումինիայում գործող տարածաշրջանային ֆրանկոֆոն կառույցների հետ այս ոլորտում, որտեղ Հայաստանն իսկապես արդեն զբաղեցնում է շատ կարեւոր եւ տեսանելի դեր:

– Ինչպե՞ս կգնահատեք ռումինահայ կառույցների դերը հայ-ռումինական հարաբերություններում, ինչպե՞ս եք Դուք համագործակցում տեղի հայ համայնքի հետ:

– Ինչպես գիտեք, Ռումինիան առաջին երկիրն է, որը 1991թ. դեկտեմբերին դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Հայաստանի հետ, եւ դա ամենեւին էլ պատահական չէ: Այս փաստը պայմանավորված է հենց ռումինահայ համայնքի գոյությամբ, որի այդժամանակյա ականավոր ներկայացուցիչներից էր երջանկահիշատակ Վազգեն Առաջին կաթողիկոսը: Համայնքի կազմակերպչական արտացոլումը Ռումինահայոց միությունն է, որը սկսած 1990թ. ղեկավարում է պատգամավոր Վարուժան Ոսկանյանը: Համայնքն իսկապես լուրջ կապող օղակ է մեր երկու երկրների միջեւ, ինչը հպարտությամբ նշում ենք ե՛ւ մենք, ե՛ւ մեր ռումինացի գործընկերները: Ռումինահայ համայնքի հոգեւոր կյանքում կարեւոր դերակատարում ունի նաեւ Հայ առաքելական եկեղեցու Ռումինահայոց թեմը, որտեղ գործում են Եվրոպայի հնագույն հայկական եկեղեցիները։ 2010թ. Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդն է Տեր Տաթեւ սրբազան Հակոբյանը: Մշակութային եւ հումանիտար ոլորտներում դեսպանությունն ակտիվ համագործակցում է ինչպես Ռումինիայի Հայոց միության եւ անհատների, այնպես էլ Հայ առաքելական եկեղեցու Ռումինահայոց թեմի հետ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2018/10/20/987959/?utm_source=dlvr.it&utm_medium=facebook&fbclid=IwAR01NQoQ8iJab789c5sdTDXb8_fxF88Q0VEEE0Lw39OvnVSNiLOyN5BOV48

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: