• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Հայկական մշակույթի օրեր Թըրգու Մուրեշում

17 հոկտեմբերի, 2016

Հոկտեմբերի 15-16-ին Տրանսիլվանիայի Թըրգու Մուրեշ քաղաքում անցկացվեցին Հայկական մշակույթի օրեր, որը կազմակերպել էր տեղի Հունգարահայոց միությունը` Ռումինիայում Հայաստանի դեսպանության աջակցությամբ: Ծրագրի մեջ ներառնված էին գիտաժողով, պատմական Հայաստանի քարտեզների ցուցահանդես, գեղարվեստական ծրագիր, պատանիների ճանաչողական մրցույթ եւ ժողովրդական արվեստի վարպետների գործերի ցուցահանդես-վաճառք:

Հոկտեմբերի 15-ի առավոտյան Թըրգու Մուրեշի մշակույթի պալատում տեղի ունեցած գիտաժողովին հաղորդումներ տրվեցին Տրանսիլվանիայի եւ 19-20-րդ դարերի Հունգարիայի կյանքի տարբեր ոլորտներում նշանավոր հայերի խաղացած դերի մասին: Գիտաժողովը բացեց Ռումինիայում Հայաստանի դեսպան Համլետ Գասպարյանը: «Հայապահպանությունը Ռումինիայում դրված է ինստիտուցիոնալ հիմքի վրա, քանի որ Ռումինիայի կառավարությունը ֆինանսավորում է Ռումինիայի Հայոց միության գործունեությունը, որի ներքո գործում են մշակույթի տներ, թանգարաններ, գրադարաններ, խմբագրություն, հրատարակչություն, տպարան, մեկօրյա դպրոց: Կառավարությունը հոգում է նաեւ հայկական վանքերի եւ եկեղեցիների նորոգման եւ պահպանության ծախսերի մի մասը: Կլուժի համալսարանում հիմնվել է Հայագիտության ինստիտուտ, Բուխարեստի համալսարանում դասավանդվում է հայերեն, հրատարակվել են արեւմտահայերենի եւ արեւելահայերենի դասագրքեր: Տարեկան տասնյակ գրքեր եւ ուսումնասիրություններ են հրատարակում հայերի եւ հայոց պատմամշակութային ժառանգության վերաբերյալ, ռումինական հեռուստառադիոն եւ մամուլը, թատրոնները եւ համերգասրահները հաճախակի են անդրադառնում հայկական թեմաներին:

Հայաստանի կառավարություն եւս անմասն չի մնում Ռումինիայում հայապահպանության գործում: ՀՀ ԱԳՆ, Սփյուռքի, մշակույթի եւ կրթության, ինչպես նաեւ տարածքային կառավարման նախարարություններն ակտիվորեն ներգրավված են զանազան ծրագրերի մեջ: Ռումինիայի եւ Հայաստանի տասնյակ քաղաքների եւ մարզերի միջեւ եղբայրական կապեր ստեղծելու միջոցով դեսպանությունն անմիջական շփումների մեջ է նաեւ տեղական իշխանությունների եւ ՌՀՄ մասնաճյուղերի հետ, որով խրախուսվում է տեղական հայկական կյանքը, խնամք տարվում տեղերում հայկական ժառանգության հանդեպ:

Ուստի այս առումով միանգամայն դրվատելի են հայապահպանության ուղղությամբ ռումինահայ համայնքի, մասնավորապես տրանսիլվանահայերի ջանքերը, որոնք` գիտակից ինքնության պանության առումով արդի մարտահրավերներին, իրենց ուշադրությունը եւ ծրագրերը կենտրոնացնում են երիտասարդության վրա, պատրաստվելով էստաֆետը փոխանցել նրանց», իր խոսքում ասաց դեսպան Գասպարյանը: Այդ առիթով Հայաստանի դեսպանը ՀՀ սփյուռքի նախարարության շնորհակալագրեր հանձնեց Թըրգու Մուրեշի Հունգարահայոց միության նախագահ Աթիլա Պուշկաշին, ինչպես  նաեւ Գեորգենի Հունգարահայոց միության նախագահ Լասլո Կուլչարին եւ վարչության անդամ Գյուլա Բուշլիգին:

Այնուհետեւ Տրանսիլվանիայի տարբեր քաղաքներից եւ Բուդապեշտից ժամանած զեկուցողները ներկայացրեցին հաղորդումներ նշանավոր օպերային երգչուհի Կոռնելիա Հոլոշիի (1827-1890), դաշնակահար Գյուլա Շյոնհերի (1864-1908), 1928թ. Ամստերդամի օլիմպիական խաղերում ոսկե մեդալակիր Լայոշ Կերեստեսի (1900-1978), նշանավոր հոգեւորական Յոակիմ Գյորոգի եւ 1956թ. հունգարական ապստամբության հերոս Գերգեյ Պոնգրացի (1932-2005) մասին, որոնք բոլորն էլ սերում են Տրանսիլվանիայի հայ կաթոլիկ ընտանիքներից:

Գիտաժողովից հետո Մշակույթի պալատում հայկական դուդուկի մասին հաղորդումով եւ Կոմիտասի ու հայկական մեղեդիների կատարումով հանդես եկավ Թըրգու Մուրեշի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի անդամ Դոմոկոշ Օսը: Հայկական պարային տարրեր ներկայացրեց Անդրաշ Լորանտ պարախումբը:

Երեկոյան Թըրգու Մուրեշի միջնադարյան ամրոցի Նահանգային թանգարանում բացվեց  Ռուբեն Գալիչյանի «Հայացք Հայաստանի պատմությանը քարտեզագրության միջոցով» ցուցահանդեսը, որտեղ բացման խոսքով հանդես եկավ դեսպան Գասպարյանը, իսկ բուն ցուցահանդեսը ներկայացրեց քարտեզագետ, Կլուժի Բաբեշ-Բոյայ համալսարանի դասախոս դր. Սոմբոր Բարտոշ-Էլեկեշը: Թանգարանում ամփոփվեցին նաեւ Տրանսիլվանիայի հայ երիտասարդության ճանաչողական մրցույթի արդյունքները եւ հաղթողներին հանձնվեցին մրցանակներ:

Հաջորդ օրը Թըրգու Մուրեշի կենտրոնական հրապարակներից մեկում տեղի ունեցավ հայկական թեմաներով տեղի վարպետների փայտաքանդակների, կերամիկայի եւ կաշվե իրերի ցուցահանդես վաճառք:

Թըրգու Մուրեշի Հայկական մշակույթի օրերին ներկա էին տեղի պետական, քաղաքական եւ հոգեւոր շրջանակների ներկայացուցիչներ, հարյուրավոր տեղացիներ եւ հյուրեր, որոնց մեջ Հունգարիայի խորհրդարանում հուգարահայոց ներկայացուցիչ Թամաշ Թուրգյանը եւ Միերկուրեա Չուկում Հունգարիայի գլխավոր հյուպատոս Զոլտան Շանդորը: Իրադարձությունները լուսաբանում էին տեղական հեռուստատեսությունը եւ մամուլը:

Հայկական մշակույթի օրերի շրջանակում դեսպան Գասպարյանն այցելեց Թըրգու Մուրեշի կաթոլիկ եկեղեցի եւ կաթոլիկ գերեզմանատուն, որտեղ եկեղեցու խորանում եւ վիտրաժներին պատկերված են Սբ Գրիգոր Լուսավորչի կողմից Հայոց Տրդատ թագավորի մկրտության տեսարաններ, իսկ եկեղեցու նկուղներում եւ գերեզմանատանն ամփոփված են Տրանսիլվանիայի նշանավոր հայերի աճյուններ եւ տոհմիկ դամբարաններ:

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: