• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Գեռլա քաղաքի հայկական տոնակատարությունների մասին

14 հունիսի, 2016

Հունիսի 11-ին դեռեւս 16-րդ դարի սկզբներին հայերի կողմից հիմնադրված պատմական Արմենոպոլիս` Գեռլա քաղաքում (Ռումինիայի Կլուժ նահանգ), հերթական անգամ անցկացվեցին Քաղաքի օրերը, որոնք համընկնում են Սբ. Գրիգոր Լուսավորչի տոնին եւ ուղեկցվում հայկական ավանդական տոնակատարություններով: Հայկական հոգեւոր տոնը քաղաքի օր հայտարարելու նախաձեռնությամբ հանդես էր եկել Գեռլայի քաղաքապետ Մարիուս Սաբոն 2012թ. Իջեւանի հետ եղբայրացման համաձայնագիր կնքելուց հետո:

Տոնակատարություններին մասնակցելու նպատակով Գեռլա էին ժամանել Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը, Ռումինահայոց Միության նախագահ Վարուժան Ոսկանյանը, Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Տաթեւ եպս.Հակոբյանը, ՌՀՄ Կլուժի մասնաճյուղի նախագահ Կարեն Սեբեշին եւ տարածքային այլ մասնաճյուղերի ղեկավարներ ու ներկայացուցիչներ, Կլուժի նահանգային խորհրդի նախագահ Իշտվան Վակարը, Բաբեշ-Բոյայի համալսարանի Հայագիտության ինստիտուտի տնօրեն Լուչիան Նաստասե-Կովաչը,  Ռումինիայի տարբեր քաղաքներից ու հարեւան երկրներից, այդ թվում Հունգարիայից ժամանած հարյուրավոր հյուրեր:

Առաջին պաշտոնական միջոցառումը տեղի ունեցավ Գեռլայի քաղաքապետարանում, որտեղ գործող քաղաքապետ Մարիուս Սաբոն եւ քաղաքի նորընտիր ղեկավար Իոան Նեսելեանը հանդիպում ունեցան Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանի, Գեռլայի հետ եղբայրացած ֆրանսիական Իզոր, գերմանական Ֆորքայմ եւ Իսրայելի Կիրիատ Մոցկին քաղաքների պատվիրակությունների հետ:

Գեռլայի եւ նրա հետ եղբայրացած քաղաքների միջեւ համագործակցությունը խթանելուն ուղղված քննարկումների համատեքստում ՀՀ դեսպանն իր խոսքում, մասնավորապես, վստահություն հայտնեց, որ քաղաքի նոր ղեկավարությունը շարունակելու է Գեռլայի եւ Իջեւանի միջեւ եղբայրական կապերի զարգացման ավանդույթները: Առհասարակ, Կլուժ նահանգի եւ Գեռլա քաղաքի հետ բարեկամական, մշակութային եւ գործարար հարաբերությունների խորացումը ապակենտրոնացված համագործակցության մակարդակում գործնականից բացի նաեւ խորհրդանշական իմաստ ունի՝ Տրանսիլվանիայի այս մասում հայկական դարավոր ներկայությունը եւ հարուստ պատմական ժառանգությունը մեծ հետաքրքրություն է ներկայացնում թե ակադեմիական-համալսարանական, թե հանրության լայն շրջանակներում: Արդեն երկրորդ տարին է, ինչ Կլուժի Բաբեշ Բոյայ համալսարանում գործում է Հայագիտության ինստիտուտը, Բաբեշ Բոյայի համալսարանի եւ Երեւանի պետական համալսարանի միջեւ ստորագրվել է համագործակցության համաձայնագիր: Համալսարանը պատրաստակամություն է հայտնել վերանորոգել Գեռլայի նախկին Հայկական թանգարանը, որն արժեքավոր նվեր կլինի Գեռլայի հասարակությանը եւ հայերին:

Նույն օրը Գեռլայի Սուրբ Երրորդության հայ կաթողիկե տաճարում (1776թ.), որը համարվում է աշխարհում ամենամեծ հայ կաթողիկե տաճարը, մատուցվեց Սբ. Գրիգոր Լուսավորչին նվիրված տոնական պատարագ` Ալբա Յուլիայի կաթոլիկ արքեպիսկոպոս, Տրանսիլվանիայի հայ կաթոլիկ համայնքի առաքելական կառավարիչ Գյորգի Յակուբինիի հանդիսապետությամբ եւ Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Տաթեւ եպս.Հակոբյանի պատվո ներկայությամբ: Պատարագն սկսեց Կարմիր թիկնոցավոր ասպետների ավանդական ծիսական թափորով եւ ուղեկցվեց եկեղեցական երգչախմբի հայերեն երգեցողությամբ, իսկ ավարտին` Հայաստանի օրհներգով: Պատարագին հայերի կողքին ներկա էին Կլուժի նահանգային եւ Գեռլայի քաղաքային իշխանությունների ղեկավարները, գերմանական, ֆրանսիական եւ իսրայելական եղբայրացած քաղաքների պատվիրակությունները, մոտ հազարի հասնող հավատացյալներ։ 

Պատարագից հետո Գեռլայի Հայոց թաղական խորհրդում դեսպան Համլետ Գասպարյանը եւ ՌՀՄ նախագահ Վարուժան Ոսկանյանը հանդիսավոր պայմաններում ՀՀ Սփյուռքի նախարարության շնորհակալագրերը հանձնեցին Ռումինիայում Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումները համակարգող տեղական հանձնախմբի անդամներին: Ապա կայացավ Քրիստոֆ Սոնգոթի «Գեռլա-Արմենոպոլիս քաղաքի մենագրություն» հիմնարար աշխատության 5-րդ հատորի հունգարերենից ռումիներեն թարգմանության շնորհանդեսը, ներկայացվեց Անդրեա Տանասեի «Մեր կողքի հայերը» լուսանկարչական շքեղ պատկերագիրքը, որից հետո ՌՀՄ Տրանսիլվանիայի նախագահ Իոան Էստեգարը հյուրերին եւ հավատացյալներին հրավիրեց տեղական հայկական ավանդական ականջապուրի համտեսին եւ տոնական ճաշին։

Երեկոյան Գեռլայի Հայոց Մշակույթի տան սրահներում բացվեց ցուցահանդես, ուր առանձին բաժիններով ներկայացված էին Սիմո Ջուլիայի հայկական տարազների անզուգական հավաքածոն, ինչպես նաեւ Դուհա Լասլոյի հայ-հունգարական զարդանախշերի եւ հայկական մանրանկարչության մոտիվներով արված փայտե հազվագյուտ փորագրաքանդակները: Ներկա էր նաեւ ծաղկազարդարման արվեստի մասնագետ, Մոսկովյան միջազգային ֆլորիստիկ դիզայնի դպրոցի տնօրեն Արայիկ Գալստյանը, որի գործերի ցուցահանդեսը հաջորդ օրը բացվեց Կլուժի Արվեստի թանգարանում:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: