• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Ռումինիայում պաշտոնապես բացվեց Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի Հայագիտության առաջին ինստիտուտը

07 նոյեմբերի, 2014

Նոյեմբերի 7-ին Ռումինիայի Կլուժ-Նապոկա քաղաքի Բաբեշ-Բոյայ համալսարանի/University of Babes-Bolyai Ֆերդինանդ սրահում տեղի ունեցավ Հայագիտության ինստիտուտի բացման պաշտոնական արարողությունը, որին
համալսարանի ռեկտոր, ակադեմիկոս Իոան-Աուրել Պոպի/Ioan-Aurel Pop եւ ինստիտուտի տնօրեն դոկտ. պրոֆեսոր Լուչիան Նաստասե-Կովաչի/Lucian Nastasa-Kovacs կողքին մասնակցում էին Երեւանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը, Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը, Կլուժի նահանգային խորհրդի նախագահ Իշտվան Վակարը/István Vákár, ՌՀՄ նախագահ, սենատոր Վարուժան Ոսկանյանը, Ալբա Յուլիայի արքեպիսկոպոս, Ռումինիայի կաթոլիկ հայերի առաքելական առաջնորդ Գիորգի Յակուբինին/Jakubinyi Gyorgy, Ռումինիայի Հրեաների պատմության ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար, դոկտ. Լիվիու Ռոտմանը/Liviu Rotman, հայաբնակ Գեռլայի եւ Դումբրավենի քաղաքապետերը, Ռումինական ակադեմիայի անդամներ, մտավորականներ, դասախոսներ եւ ուսանողներ:

Հայագիտության ինստիտուտն առաջինն է Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայում եւ կյանքի է կոչվել ինստիտուտի ղեկավար, նույն համալսարանի Միջազգային հարաբերությունների եւ անվտանգության հարցերով ուսումնասիրությունների դոկտորական դպրոցի տնօրեն դոկտ. պրոֆեսոր Լուչիան Նաստասե-Կովաչի եւ Ռումինիայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ, Ռումինիայի Հայոց Միության աջակցությամբ:

Ըստ Նաստասե-Կովաչի, “Հայագիտության ինստիտուտի հիմնադրումը ոչ միայն կարեւոր քայլ է Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի հայկական համայնքների ուսումնասիրության բնագավառում, այլ նաեւ` չափազանց հրատապ, հաշվի առնելով գալիք տարի հիշատակվելիք Հայոց ցեղասպանության 100-ամյակը, իրադարձություն, որը խորը ազդեցություն է ունեցել ողջ աշխարհի հայության վրա”:

“Հայագիտության ինստիտուտի նպատակն է խորացնել հայկական համայնքների ուսումնասիրությունը, որը մեծ հետաքրքրություն է ներկայացնում ոչ միայն զուտ պատմական, այլ նաեւ հասարակական-մշակութային, էթնոգրաֆիկ, լեզվագիտական, տնտեսական եւ գեղարվեստական տեսանկյուններից, նշում է Նաստասե-Կովաչը: Այս էթնո-մշակութային խումբը դարերի ընթացքում անցյալի դժվարությունների պատճառով, հրեաների նման երկար ժամանակ ստիպված ապրելով սփյուռքում, մեծ ներդրում է ունեցել այն տարածաշրջանների զարգացման մեջ, որտեղ հաստատել է փոքր համայնքներ` թողնելով անգնահատելի մշակութային ժառանգություն, ինչն ակնհայտ է ինչպես արխիվներից կամ թանգարանների գեղարվեստական գանձերից, այնպես էլ այն բնակավայրերից եւ քաղաքներից, որոնք շունչ են առել լոկ այս համայնքի ներկայության շնորհիվ (ինչպես Գեռլան/Gherla, Դումբրավենը/Dumbrăveni, Գեորգենը/Gheorgheni, Ֆրումոասան/Frumoasa եւ այլն)”:

Դեսպան Համլետ Գասպարյանը, ներկայացնելով միջպետական մակարդակով տարված աշխատանքը, որ նպաստել է Ռումինիայում հայագիտության նկատմամբ հետաքրքրության զարթոնքին, հույս հայտնեց, թե Բալկաններում եւ հարակից երկրներում հայոց հնամենի ներկայության մասին գիտական հետաքրքրություններից զատ, Հայագիտության ինստիտուտի գործունեությունը կնպաստի նաեւ այսօրվա եվրոպական տարածքում մշակութային բազմազանության մեջ հայկական տարրի բացահայտմանը եւ հայկական ինքնության հարստացմանը, որով նոր սերունդների համար ավելի կդյուրանա փոխճանաչումն ու փոխըմբռնումը:

“Կարծում եմ, Առաջին համաշխարհային պատերազմի 100-ամյակի եւ հատկապես Հայոց ցեղասպանության 100-ամյակի համատեքստում Հայագիտության ինստիտուտը կարող է դառնալ բաց հարթակ այդ ահավոր ողբերգության պատճառների եւ ավերիչ հետեւանքների քննարկման համար, հետեւանքներ, որոնք մեծապես ազդել են հայ ժողովրդի հետագա ճակատագրի վրա, ձեւավորել ծանր կորուստներով եւ դեռեւս չամոքված խոր վերքերով պայմանավորված հայկական ինքնությունը, հայ սփյուռքին եւ Հայաստանին կանգնեցրել դժվարագույն մարտահրավերների առջեւ”, ասաց դեսպան Գասպարյանը:

“Բաբեշ Բոյայի համալսարանում Ռումինիայի, ինչպես նաեւ Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի Հայագիտության առաջին ինստիտուտի հիմնումը համալսարանի կարեւորագույն միջոցառումներից է,- իր խոսքում ընդգծեց համալսարանի ռեկտոր Իոան-Աուրել Պոպը: Մենք հպարտ ենք, որ հայկական մշակույթն ու քաղաքակրթությունը մոդել են հանդիսացել ռումինների, հունգարների եւ գերմանացիների համար: Նոր ինստիտուտը կարեւոր եւ անհրաժեշտ քայլ է Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի հայկական համայնքների ուսումնասիրության բնագավառում եւ պետք է հետազոտություններ կատարի ոչ միայն անցյալին, այլեւ ներկային եւ ապագային վերաբերող թեմաներով”:

“Ցանկանում եմ իմ գնահատանքն ու երախտագիտությունը հայտնել գիտնականների եւ հետազոտողների այն փոքր խմբին, ովքեր իրենց աշխատանքի շնորհիվ հնարավոր դարձրեցին այս միջոցառումը: Համոզված եմ, որ Բաբեշ Բոյայի համալսարանի ղեկավարությունն ամեն ինչ կանի աջակցելու այս ինստիտուտին, որն իր հերթին կզարգացնի եւ կխթանի հայագիտական ուսումնասիրությունները, միեւնույն ժամանակ կնպաստի մեր երկրների եւ ժողովուրդների միջեւ բարեկամության խորացմանը”, իր հերթին ասաց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը` իր ղեկավարած հաստատության կողմից խոստանալով ամենայն աջակցություն:

Հայագիտության ինստիտուտի հիմնադրումը կարեւորեցին եւ իրենց աջակցությունը հայտնեցին ՌՀՄ նախագահ, սենատոր Վարուժան Ոսկանյանը եւ Կլուժի նահանգային խորհրդի նախագահ Իշտվան Վակարը, որը խոստովանեց, թե իր երակներով նույնպես հոսում է հայկական արյուն: “Այս ինստիտուտը պատիվ է Կլուժի եւ մեզ համար, եւ Կլուժի նահանգային խորհուրդը պետք է ուղիներ գտնի ինստիտուտին հետագա աջակցություն ցուցաբերելու համար”: Հայագիտության ինստիտուտի բացման կապակցությամբ ուղերձ էր հղել նաեւ Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Տաթեւ Եպս. Հակոբյանը:

Բացման արարողությունից առաջ տեղի ունեցավ Իոան-Աուրել Պոպի եւ Արամ Սիմոնյանի հանդիպումը, ուր կողմերը պայմանավորվեցին համագործակցության պայմանագրեր կնքել Կլուժի եւ Երեւանի համալսարաննների, ինչպես նաեւ Հայագիտության ինստիտուտների միջեւ:

Հայագիտության ինստիտուտը Կլուժի Բաբեշ-Բոյայ համալսարանից զատ իր նստավայրը կունենա նաեւ Գեռլայում` նախկին Արմենոպոլիս քաղաքում, ուր հաջորդ օրը ճանաչողական այց կատարեցին ԵՊՀ պատվիրակությունը եւ միջոցառման հյուրերը:

Հայագիտության ինստիտուտի բացումը լայնորեն լուաբանվեց ռումինական կենտրոնական եւ տեղական մամուլով եւ հեռուստատեսությամբ:

Տեղեկանք: Բաբեշ-Բոյայ համալսարանը համարվում է Ռումինիայի մեծ եւ հեղինակավոր բուհերից մեկը: Համալսարանի հետաքրքրությունը պայմանավորված է Տրանսիլվանիայում հայկական հարուստ պատմամշակութային ժառանգության առկայությամբ: Հայերն այստեղ հաստատվել են 17-րդ դարի վերջերում, հիմնել բնակավայրեր եւ մեծապես նպաստել այդ տարածքների տնտեսական զարգացմանը, արհեստների ու առեւտուրի խթանմանը, մշակույթի ու կրթության մակարդակի բարձրացմանը: Այդ մասին տեղական արխիվներում, գիտակրթական հաստատություններում, թանգարաններում եւ հայ կաթողիկե եկեղեցիների պահոցներում առկա են հարուստ նյութեր, հունգարերեն եւ ռումիներեն լեզուներով գրվել եւ գրվում են պատմական եւ գիտական ուսումնասիրություններ: Հայագիտության ինստիտուտի հիմնմամբ այդ աշխատանքներին տրվելու են առավել ծրագրային բնույթ եւ ուղղվածություն: Որպես Հայագիտության նորաբաց ինստիտուտի առաջին հանրային ձեռնարկ, դեռեւս այս տարվա հուլիսի 4-ին Բաբեշ-Բոյայի համալսարանում տեղի է ունեցել “Հայոց ցեղասպանությունից Հոլոքոստ” թեմայով քննարկում դեսպան Գասպարյանի եւ Լուչիան Նաստասե-Կովաչի մասնակցությամբ: Նույն համալսարանի դոկտորանտ Կլաուդիա Դարաբանը/Claudia Dărăban դեսպանության միջնորդությամբ եւ Զորյան հաստատության հովանավորությամբ, այս տարվա օգոստոսին Կանադայում մասնակցել է Ցեղասպանության եւ մարդու իրավունքների ուսումնասիրության միջազգային ինստիտուտի/International Institute for Genocide and Human Rights Studies երկշաբաթյա դասընթացներին:
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: