• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Դեսպան Համլետ Գասպարյանի հոդվածը Հայաստանի անկախության տոնի կապակցությամբ ռումինական Niine O'clock օրաթերթում

21 սեպտեմբերի, 2014

 20 տարի առաջ, 1994թ. ապրիլի 24-ին Բուխարեստում բացվեց Հայաստանի երրորդ հանրապետության դեսպանությունը: Դրանից մոտ երկուսուկես տարի առաջ, 1991թ. դեկտեմբերի 11-ին Ռումինիան ճանաչել էր Հայաստանի անկախությունը: 20-րդ դարի մեջ Ռումինիան մեկ անգամ էլ էր ճանաչել Հայաստանի անկախությունը` 1920թ. օգոստոսի 10-ին իր ստորագրությունը դնելով Սեւրի դաշնագրի տակ, որը թվում էր փակում էր հայ ժողովրդի պատմության ամենասեւ էջը: Իրոք, Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում եւ դրան հետեւած խառնակ տարիներին եվրոպական ժողովուրդների մեջ հայ ժողովուրդն ունեցավ ամենամեծ կորուստները. պատերազմի յուրաքանչյուր տասներորդ զոհը հայ էր` ճնշող մեծամասնությամբ խաղաղ բնակչություն, թեեւ այդ մասին պատերազմական տարեգրությունը լռում է, իսկ այսօր այդ ավերիչ իրադարձության 100-ամյակի հիշատակի միջոցառումներում այս փաստն առայժմ անտեսվում:

Օսմանյան կայսրությունում իր հայրենական տարածքներից վտարված, ունեզրկված, հալածանքների, կտտանքների եւ ցեղասպանության ենթարկված հայ ժողովրդի բեկորները ցրվեցին աշխարհով մեկ, որոնց մի մասը հավաքվեց Ռուսահայաստանի փոքրիկ կտորի վրա եւ իրենց արեւելյան ազգակիցների հետ 1918թ. մայիսի 28-ին վերականգնեցին դարերով ընդհատված Հայաստանի պետականությունը: Մայիսի 28-ը Հայաստանը եւ աշխարհի հայերը նշում են որպես Հանրապետության օր` այսօր արդեն 96-րդ անգամ, իսկ երրորդ հանրապետության Ազգային տոնը համարվում է Սեպտեմբերի 21-ը, երբ 1991թ. այդ օրը Հայաստանը հանրաքվեով հռչակեց իր անկախությունը` դուրս գալով ԽՍՀՄ կազմից:

Թեեւ 1920թ. Հայաստանի եւ 1991թ. Հայաստանի միջեւ վիթխարի տարբերություններ կային. առաջինը որբերի եւ համաճարակների երկիր էր` երիցս անդամահատված, որ նախքան բոլշեւիկների կրնկի տակ անցնելը պատերազմների թոհուբոհի մեջ հազիվ երեք տարի պահեց իր գոյությունը, իսկ երկրորդը Խորհրդային միության ամենազարգացած գիտական եւ արդյունաբերական հանրապետություններից մեկը, այնուամենայնիվ վերջինս ժառանգեց Առաջին համաշխարհային պատերազմից մնացած ծանր հետեւանքները եւ բոլշեւիկյան կամայականությունների պտուղները, որոնք ական դրեցին նորելուկ պետության տակ: Ուստի Խ. միության փլուզմամբ պայմանավորված տնտեսական քայքայումից ու սոցիալական անլուծելի հարցերից բացի Հայաստանի նոր սերունդին, ավաղ, բաժին ընկան պատերազմ, չլուծված հակամարտություն ու ծանր հարաբերություններ իր երկու հարեւանների հետ, որոնք ցայսօր կասեցնում են Հայաստանի նորմալ զարգացումը եւ միջազգային լիակատար քաղաքական ու տնտեսական ինտեգրումը:

Ստեղծված պայմաններից ելնելով եւ տարածաշրջանային ու համաշխարհային նոր իրողությունների գիտակցումով` Հայաստանն առավելագույն ջանքեր է գործադրում դիվանագիտական ճանապարհով կարգավորելու ԼՂ հակամարտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդության շրջանակներում` ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության եւ ժողովուրդների ազատ ինքնորոշման իրավունքի եռյակ սկզբունքների հիման վրա, ինչպես նաեւ իր կողմից կյանքի կոչելու 2009թ. Թուրքիայի հետ ստորագրված Ցյուրիխյան երկու արձանագրությունները, որոնցով նախատեսվում է երկուստեք, առանց նախապայմանների, դիվանագիտական հարաբերություններ հաստատել եւ բացել Հայաստանի հետ սահմանները, որ Թուրքիան միակողմանի փակ է պահում 20 տարուց ի վեր: Հայաստանը հույս ունի, որ Թուրքիայի նոր ղեկավարությունը, Հայոց ցեղասպանության 100-ամյակի շեմին, որ պատրաստվում ենք նշել 2015թ., կցուցաբերի սթափ գիտակցություն եւ պատասխանատվություն հարգելու իր ստորագրությունը այդ փաստաթղթերի տակ եւ կարգավորելու հարաբերությունները Հայաստանի հետ, որը կնպաստի նաեւ ԼՂ հակամարտությանը խաղաղ լուծում գտնելու գործին:

Հարեւանների հետ հարաբերությունների կարգավորումը առավել քան հրատապ է, երբ մեր հարակից շրջաններում, մասնավորապես Սիրիայում եւ Իրաքում ծավալվում են խիստ մտահոգիչ իրադարձություններ, որոնց հետեւանքով քրիստոնյա այլ համայնքների շարքում հայերը նույնպես ենթարկվում են հետապնդումների եւ հարվածների, որոնց մի մասն ապաստան են գտնում Հայաստանում:

Ներկա բարդ ժամանակներում Հայաստանը, որ անվտանգության երաշխավորն է ոչ միայն սեփական բնակչության, այլեւ պարտք եւ պատասխանատվություն է կրում երկու երրորդով դրսում ապրող տարագիր հայերի առջեւ, ակնկալում է իր առջեւ ծառացած հարցերում հնարավորինս ըմբռնում գործընկեր երկրների եւ միջազգային կառույցների կողմից, իր հերթին ցուցաբերելով առավելագույն շրջահայացություն իր քայլերի եւ պատասխանատվություն միջազգային հանրության առջեւ ստանձնած պարտավորությունների հանդեպ:

Ի դեմս Ռումինիայի` մենք տեսնում ենք բարեկամ երկիր, որի հետ մեզ կապում է դարավոր բարեկամությունը եւ համերաշխությունը: Հավատարիմ այդ բարեկամության ոգուն` Հայաստանը պատրաստ է եւ զարգացնում է իր հարաբերությունները Ռումինիայի հետ երկկողմ եւ բազմակողմ ամենաբազմազան ոլորտներում, մեծ ակնկալիքներ ունենալով հատկապես եվրոպական եւ եվրատլանտյան կառույցներում, ինչպես նաեւ ՍԾՏՀԿ շրջանակներում ծավալվող համագործակցությունից:

Հայ-ռումինական հարաբերությունների վերջին 23 տարին ապացուցել է, որ լավագույն արդյունք գրանցվում է, երբ ժողովուրդները եւ երկրները առավելագույնս հաշվի են առնում միմյանց շահերը, հարգում են միմյանց ընտրությունը, ինչը պայման եւ երաշխիք է միջազգային խաղաղ գոյակցության եւ կայունության: Գիտակցելով իր հնարավորությունները եւ դերը` Հայաստանն այս ըմբռնումով է կառուցում իր արտաքին հարաբերությունները, ձգտելով իր նպաստը բերել առավել արդար, ապահով եւ բարգավաճ ապագայի:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: