• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Հայկական օրեր Տրանսիլվանիայի Գեորգեն քաղաքում

07 սեպտեմբերի, 2014

Սեպտեմբերի 5-7-ը Տրանսիլվանիայի Գեորգեն/Gheorgheni, պատմական հայաբնակ Ջուրջով քաղաքում անցկացվեց Հայկական արվեստի փառատոնի 4-րդ թողարկումը, որը կազմակերպվել էր Գեորգենի Հայ կաթոլիկ միության, Տրանսիլվանիայի հունգարահայերի միության, Գեորգենի հայ կաթողիկե թեմի եւ Գեորգենի քաղաքային թանգարանի համատեղ ջանքերով։

Փառատոնի շրջանակներում, Հայաստանի դեսպանության հովանու ներքո և պատմաբան, պրոֆեսոր Դեսո Գարդայի/Garda Dezső կազմակերպմամբ անցկացվեց հայագիտական գիտաժողով 17-20-րդ դարերում Տրանսիլվանիայի հայերի պատմությունն ու ինքնության խնդիրների թեմայով, որին բացման խոսքով հանդես եկավ Ռումինիայում Հայաստանի դեսպան Համլետ Գասպարյանը:
“Մեր ժողովուրդներին վիճակվել է երկար դարեր միասին ապրել եւ միմյանց ճանաչել Հռոմի կամ Կոնստանդնուպոլսի գերիշխանության տակ, հետագայում նաեւ` Օսմանյան մահիկի: Ավելի ուշ շրջանում Մոլդովայի եւ այնտեղից Տրանսիլվանիա տեղափոխված հայերի պատմությունն առավել հայտնի է: Դրա մասին շատ է գրվել եւ գրվում, ասաց դեսպան Գասպարյանը: Այսօր մեզ համար հետաքրքիր է իմանալ, թե ինչ է տվել ռումինահայկական եւ հունգարահայկական այդ խառնուրդը, ի՞նչ ձեւով է այն զգացվում ռումինական եւ հունգարական կյանքի մեջ: Խոսքը հայ կամ հայկական ծագումով անհատների մասին չէ, որոնք շատ են եւ հաճախ փայլուն, այլ հայկական մտածողության, հայկական ոճի, հայկական ազդեցությունների մասին, որտեղ կարիք է զգացվում արդի համակարգված հետազոտությունների”:

Այս առումով որպես առաջին քայլերից մեկը գնահատելով անցյալ հոկտեմբերի վերջին Ռումինահայ մշակութային ժառանգության վերաբերյալ Բուխարեստի միջազգային գիտաժողովը, դեսպանը տեղեկացրեց, որ գիտաժողովից հետո Տրանսիլվանիայի մի խումբ հետազոտողների ջանքերով, պրոֆ. Լուչիան Նաստասե-Կովաչի գլխավորությամբ, այս տարվա սկզբին Կլուժի Բաբեշ-Բոյայ համալսարանում բացվել է Հայագիտության ինստիտուտը, որից սպասելիքները մեծ են:
“Կարծում եմ, որ այս միջոցառումները եւ հայագիտության զարթոնքը կօգնեն շատերին, հատկապես երիտասարդներին վերագտնելու եւ վերահաստատելու իրենց ինքնությունը, նույնիսկ մեզ` Հայաստանում ապրող հայերիս` մեր ազգային ինքնությունը լրացնելու պակասող բեկորներով, որոնք ցրված են աշխարհով մեկ’’, ասաց դեսպանը:

Կոնֆերանսին զեկույցներով հանդես եկան անվանի պատմաբաններ և հայագետներ Կլոդ Մութաֆյանը (Փարիզ), Շանդոր Օզեն/Őze Sándor (Բուդապեշտ), Հունգարական Ակադեմիայի անդամ Շանդոր Պալը/Pál Antal Sándor, Զոլթ Մագյարը/Magyar Sáska Zsolt, Շարոլտա Իշեկուցը/Issekutz Sarolta, Իշտվան Շարանը/Sarány István, Մարիա Պողոսը/Bogos Mária, Սիլարդ Սեկելին/Szekelly Szilard:

Այցի ընթացքում դեսպան Գասպարյանը հանդիպեց Գեորգենի քաղաքապետ Յանոշ Մեզեյի/Mezei János հետ, որի ընթացքում քննարկեց ս.թ. սեպտեմբերի վերջին ռումինական քաղաքների պատվիրակության Հայաստան կատարելիք այցի մանրամասներ, որին մասնակցելու է նաեւ Գեորգենի քաղաքապետը: Կարեւորելով Գեորգենի հայ համայնքի պատմական դերը քաղաքի զարգացման գործում` քաղաքապետ Յանոշ Մեզեյն իր լիակատար աջակցությունը հայտնեց հայկական ավանդույթների եւ ինքնության պահպանման ուղղությամբ տեղական հայկական կազմակերպության գործունեությանը:

Եռօրյա փառատոնի շրջանակներում Գեորգենի հայկական մշակութային կենտրոնում ցուցադրվեցին Լասլո Դուհայի/Duha László փայտագործական, Անամարիա Մոլնարի/Molnar AnnaMaria խեցեգործական, Գիտկա Մարգիտ Չիկի/Csiki Margit Gitka կերամիկայի հավաքածուները, Կլուժից բերված 19-20-րդ դարերի հայկական ձեռագործ գորգերի հավաքածուն, Ակոշ Ռոմֆելդի/Romfeld Ákos լուսանկարչական գործերը եւ այլն:

Քաղաքային թանգարանի բակում բացվեց առաջին համաշխարհային պատերազմի զոհերի հուշատախտակները, որոնց մեջ նաեւ տեղի հայեր, ինչպես նաեւ պատերազմական տարիների լուսանկարներների ցուցահանդես:

Փառատոնի օրերին Գեորգենի հայկական կաթողիկե եկեղեցում մատուցվեց պատարագ, երգեհոնային և հոգևոր երաժշտության երեկոներ։ Տոնախմբությունն ուղեկցվեց հայկական խոհանոցի, մասնավորապես տրանսիլվանահայ ավանդական ուտեստեղենների մրցույթ-հյուրասիրությամբ։

Փառատոնը զուգորդվեց համայնքային նշանակության հոբելյանական մի շարք միջոցառումներով, այդ թվում հանդիսությամբ նշվեցին տեղի հայ կաթոլիկ եկեղեցու հիմնադրման 280-ամյակը, հայկական հոգևոր երգչախմբի 25 և Գեորգենի Հայ-կաթոլիկ միության 5-ամյակները:

Գեորգենը Տրանսիլվանիայի հնագույն հայաբնակ բնակավայրերից է, ուր հայերը հաստատվել են դեռեւս 17-րդ դարի վերջում, հիմնել եկեղեցի, դպրոց, ակումբներ եւ առեւտրական ու արհեստագործական հաստատություններ: Հայերի շնորհիվ աննշան բնակավայրը ժամանակին արագորեն դարձել է շրջանի զարգացած առեւտրաշահ քաղաքներից մեկը: Քաղաքի հայկական հարստությունները մեծապես տուժել են հետպատերազմյան շրջանում` անցյալ դարի 50-60-ական թվականներին, երբ հայերից խլվել են կալվածքները եւ իրենց իսկ կառուցած շքեղ շենքներն ու հաստատությունները: Այսօր Գեորգենում դեռեւս ապրում են մոտ 600 կաթոլիկ հայեր, գործում են աշխարհիկ եւ հոգեւոր միություններ, որոնք մասնավորապես նրանց անխոնջ ղեկավարներ Յուլիու Բուշլիգի/Iuliu Buslig, Լասլո Կուլչարի/Kulcsar եւ Աթիլլա Պուշկաշի/Puskas Attila ու մյուսների ջանքերով ձգտում են վառ պահել հայկական ոգին, հոգեւոր-մշակութային ավանդույթները:
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: