• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Ռումինիայում Հայաստանի դեսպան Համլետ Գասպարյանի հարցազրույցը հայ-ռումինական հարաբերությունների վերաբերյալ

11 հունիսի, 2014
Ռումինիայում Հայաստանի դեսպան Համլետ Գասպարյանի հարցազրույցը հայ-ռումինական հարաբերությունների վերաբերյալ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Հունիսի 2-ին Երևանում գումարվեց Հայաստանի ԱԳ նախարարության ղեկավար կազմի և արտասահմանում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների տարեկան հերթական հավաքը: Այդ օրերին հանդիպեցինք Ռումինիայում Հայաստանի դեսպան Համլետ Գասպարյանին (ձախից երկրորդ), որ բացի դիվանագիտական գործունեությունից եղել է Ազգ թերթի հիմնադիր կազմում, աշխատել հեռուստատեսությունում, փոխնիփոխ բանեցրել լրագրողի և դիվանագետի մասնագիտությունները:

- Դուք արդեն չորս տարի Հայաստանի դեսպանն եք Ռումինիայում, ինչ կասեիք հայ-ռումինական հարաբերությունների մասին, ինչպիսին է այսօրվա օրակարգը:

- Ռումինիան Հայաստանի անկախությունը ճանաչած առաջին երկրներից է, եթե չեմ սխալվում, խորհրդային տարածքից դուրս առաջինը. 1991թ. դեկտեմբերի 11-ին նա ճանաչեց Հայաստանի Հանրապետությունը, իսկ դեկտեմբերի 17-ին Բուխարեստում ստորագրվեց արձանագրություն դիվանագիտական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ: Իր հերթին Հայաստանը նախկին խորհրդային երկրների շարքում առաջիններից մեկը բացեց իր դեսպանատունը Բուխարեստում, 1994թ. ապրիլի 24-ին: Դա ընդհանրապես Եվրոպայում մեր առաջին դեսպանություններից էր: Սա ցույց է տալիս այն կարևորությունը, որ Հայաստանը հատկացնում էր Ռումինիային: Այդ շրջանում տեղի ունեցան բազմաթիվ փոխայցելություններ ամենաբարձր մակարդակով, ստորագրվեցին քառասունից ավելի միջպետական պայմանագրեր և համաձայնագրեր: Տնտեսական կապերը խթանելու համար 2000թ. ձևավորվեց միջկառավարական հանձնաժողով, մշակույթի, կրթության և գիտության բնագավառներում ծավալվեց ակտիվ համագործակցություն:

Այսօրվա օրակարգը հագեցած է ոչ միայն երկկողմ ծրագրերով, այլև փոխշփումների մեջ ենք եվրոպական և եվրատլանտյան կառույցներում: Ընդհանուր առմամբ, մեր հարաբերությունները կարելի է բնորոշել գործընկերային` հենված մեր ժողովուրդների միջև ավանդական կապերի և բարեկամության վրա:

- Այդ հարաբերությունների մեջ արդյո՞ք դեր վերապահված է ռումինահայ համայնքին:

- Անշուշտ, երբ խոսում ենք ավանդական կապերի և բարեկամության մասին, հենց դա ի նկատի ունենք: Ռումինահայ համայնքը ամենահներից է եվրոպական տարածքում, որ գոյատևել է առանց ընդհատումների և թողել վիթխարի ժառանգություն: Հայերն այստեղ հաստատվել են խոր միջնադարից, բավական է ասել, որ հայկական առաջին քարե եկեղեցին, որ կանգուն է մինչև այսօր, կառուցվել է դեռևս 1350թ., Բոտոշանում: Այդ ժամանակներից հայերը ներգրավվել են տեղական կյանքի բոլոր ոլորտներում, տվել փայլուն անուններ: Այս մասին շատ է գրվել և գրվում: Սակայն կուզենայի մի հանգամանք նշել. ռումինները հանդուրժող և բաց ժողովուրդ են, և դրանով է բացատրվում հայկական ինքնության պահպանումը` հակառակ պատմական բարդ ժամանակների և վարչակարգերի, հակառակ ձուլման և ուծացման անխուսափելի երեույթների:

Կոմունիստական կեսդարյա սահմանափակումներից հետո հայերը մյուսների կողքին վերջին քառորդ դարում ստացան փոքրամասնության կարգավիճակ` դրանից բխող իրավունքներով և այժմ իրենց ներկայացուցիչն ունեն ռումինական խորհրդարանում, երբեմն նաև կառավարության կազմում: Ավելին, այնպես է ստացվել, որ ավանդաբար հայ ներկայացուցիչն է գլխավորում խորհրդարանում փոքրամասնությունների 18 հոգանոց խումբը, որն էական դեր է խաղում ներքաղաքական կյանքում: Սրանք գործոններ են, որ չեն կարող հաշվի չառնվել և դրական չազդել երկկողմ հարաբերությունների վրա:

- Այնուամենայնիվ, ինչպես նկատել ենք քանիցս, դա ռումինական իշխանություններին հետ չի պահում ադրբեջանամետ տրամադրություններից, մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հարցում:

- Հասկանում եմ, ինչի մասին եք ակնարկում: Ես դա չէի տարածի ողջ ռումինական իշխանությունների վրա, թեև իսկապես, մեզ մտահոգում են նման երևույթները, հատկապես երբ դրանք երբեմն տեղ են գտնում առանձին գործիչների խոսքերում: Ճիշտ է, հետագայում դրանք հարթվում են պաշտոնական մակարդակով, քանի որ Բուխարեստը պաշտոնապես հավաստիացնում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում իր հավասարակշռված և անկողմնակալ դիրքը, սակայն այնուամենայնիվ անցանկալի նստվածք են թողնում: Պետք է ասեմ, որ այս հարցը մշտապես ռումին գործընկերների հետ մեր խոսակցության կենտրոնում է, և երկուստեք ջանքեր ենք գործադրում խուսափելու համար նման վիճակներից: Աշխարհը և մեր միջավայրն անընդհատ փոփոխվում է, և մենք պետք է զգոն լինենք ցանկացած զարգացումների պարագայում հավասարակշռություն պահպանելու հարցում, որը բխում է մեր երկու երկրների շահերից:

Այս կապակցությամբ կարևորում եմ մշտական երկխոսությունը ոչ միայն դեսպանության մակարդակով, այլև երկու մայրաքաղաքների միջև:

- Դիվանագետների հետ հանդիպմանը Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը կարևորել է Եվրոպական միության հետ Հայաստանի փոխգործակցությունն ու եվրոպական պետությունների հետ երկկողմ հարաբերությունների շարունակական խորացման և ամրապնդման ուղղությամբ աշխատանքները: Նախագահը դիվանագիտական ծառայության ղեկավար անձնակազմի ուշադրությունը հրավիրել է նաև դիվանագիտության տնտեսական բաղադրիչի ակտիվացման անհրաժեշտության վրա: Ի՞նչ են արվում Ռումինիայի հետ այս ուղղություններով:

- Եվրոպական օրակարգում, հատկապես ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակներում Ռումինիան ամենաակտիվ ջատագովներից է, մասնավորապես հաշվի առնելով պատմամշակութային ընդհանրություններ ունեցող Մոլդովայի Հանրապետության առկայությունն այդ ձևաչափի մեջ: Սեպտեմբերի 3-ից հետո, երբ մենք որոշում կայացրեցինք անդամակցելու Մաքսային միությանը առանց հրաժարվելու Արևելյան գործընկերությունից, Ռումինիայում ընդհանուր առմամբ հասկացողությամբ ընդունեցին մեր քայլը: Այժմ աշխատանքներ են տարվում նոր պայմաններում շարունակելու ջանքերը ձեռքբերվածը պահպանելու և առաջ գնալու համար:

Ինչ վերաբերում է տնտեսական բաղադրիչին, ապա երկու կողմից անելիքներ շատ կան: 2000թ. միջկառավարական առևտրատնտեսական և գիտատեխնիկական հանձնաժողով ստեղծելուց ի վեր Բուխարեստում և Երևանում փոխնիփոխ տեղի են ունեցել չորս նիստեր, վերջին երկուսը` 2011 և 2013թթ.: Հատկապես հաջողված էր 2013թ. հուլիսին երևանյան նիստը, որին զուգահեռ գումարվեց նաև գործարար ֆորում ռումին մոտ երեք տասնյակ ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: 5-րդը պատրաստում ենք առաջիկայում, դարձյալ գործարար աշխարհի և առավել ևս Սփյուռքի առևտրատնեսական կառույցների և եղբայրացած քաղաքների ցանցի ներգրավումով: Այս կտրվածքով կարծես արտաքուստ առաջընթաց կա, սակայն բուն ներդրումների և առևտրատնտեսական փոխանակումների համար խոսքը մնում է գործարարներին: Բոլոր դեպքերում Հայաստանի դեսպանությունը, հակառակ իր նվազ կազմին, հետամուտ է ցանկացած առիթ օգտագործել Ռումինիայում Հայաստանի հնարավորությունները պատշաճ ներկայացնելու համար:

Այստեղ լրացուցիչ օղակ կարող է դառնալ եղբայրացած քաղաքների ցանցը, որը մենք նախաձեռնել և հիմնել ենք 2011թ. ի վեր: Այսօր արդեն համագործակցության պայմանագրեր են ստորագրվել երկու կողմից յոթական քաղաքների միջև, ևս հինգը պատրաստվում են եղբայրանալ: Անցյալ տարի Հուշագիր է ստորագրվել մայրաքաղաքներ Երևանի և Բուխարեստի միջև: Սա մենք համարում ենք կարևոր օղակ փոքր տնտեսական ծրագրերի, տուրիզմի խթանման համար: Հատկապես տուրիզմի ոլորտում կան զգալի հնարավորություններ. Հայաստանը հետաքրքրական է իր պատմամշակութային հարուստ անցյալով և ներկայով, իր բարձրադիր տեղանքով և դրա առանձնահատկություններով, իսկ Ռումինիան` բացի իր բնական և պատմական բացառիկ հարստություններից, նաև իր «հայկական հետքով», որ ձգվում է պատմական Մոլդովայից մինչև Տրանսիլվանիա, ուր մինչև այսօր կանգուն են հայերի կառուցած քաղաքները, վանքերն ու եկեղեցիները:

Թե՛ եվրոպական ուղղությամբ, թե՛ քաղաքական երկխոսության ծավալման, և ինչու չէ, թե տնտեսական կապերի համար բարենպաստ միջավայր ստեղծելու կապակցությամբ կարևոր եմ համարում խորհրդարանական դիվանագիտության դերը: Այս գիտակցումով դեսպանությունն ակտիվ քայլեր է անում խորհրդարանական բարեկամական խմբերի միջև կապերի աշխուժացման, պատվիրակությունների փոխայցելության կազմակերպման ուղղությամբ: Լավ նախադրյալներ ստեղծվեցին անցյալ տարի ապրիլին, նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալության առիթով, Ռումինիայի Խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Վալերիու Զգոնեայի երևանյան այցի ընթացքում, երբ նա ընդունվեց ամենաբարձր մակարդակով: Խորհրդարանների ղեկավարների մակարդակով շփումները շարունակվեցին այս տարի գարնանը Վիլնյուսյան հանդիպման ժամանակ: Հույս ունենք, որ գնալով այդ շփումները ձեռք կբերեն հաստատուն բնույթ, ինչը փոխադարձաբար օգտակար է միմյանց առաջնահերթությունները հասկանալու և երկկողմ օրակարգը որոշելու հարցում:

- Նախագահ Սարգսյանը խոսել է նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին համայն հայության ջանքերի համադրման և համակարգված աշխատելու, այդ խնդրին համապարփակ ու խորքային մոտեցում ցուցաբերելու և Մեծ եղեռնի հարյուրամյակին նվիրված բազմաբնույթ միջոցառումները հավուր պատշաճի կազմակերպելու անհրաժեշտության մասին: Ի՞նչ վիճակ է տիրում Ռումինիայում այս ուղղությամբ:

- Նախ կուզենայի նշել մի քանի առանձնահատկություններ, որով Ռումինիան այս հարցում տարբերվում է այլ երկրներից: Անցյալ դարի 20-ական թվականներին Ռումինիան եվրոպական տարածքի առաջին երկրներից էր, որ պաշտոնապես ապաստան տրամադրեց հայ փախստականներին: Ռումինիան նաև այն երկրների շարքում էր, որն իր ստորագրությունը դրեց Սևրի դաշնագրի տակ: 1920թ. Բուխարեստում բացվել և ընդհուպ մինչև 30-ական թվականները գործում էր Հայաստանի պատվո հյուպատոսությունը, որն սպասարկում էր գաղթական հայերին: Ռումինիայում էին ապաստանել Հայաստանի առաջին հանրապետության շատ ղեկավարներ, որոնց մեջ պաշտպանության նախկին նախարար Դրաստամատ Կանայանը` գեներալ Դրոն: Այս պայմաններում Եղեռնից մազապուրծ հայերը կարճ ժամանակում ոտքի կանգնեցին և կազմակերպեցին համայնքային կյանքը: Սակայն Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո կոմունիստական վարչակարգը սահմանափակումներ մտցրեց և ցրեց հայ ազգային կազմակերպություններն ու միությունները: Ռումինահայերը սոցիալիստական ճամբարի մի շարք երկրների նման կտրվեցին համահայկական միջավայրից և հնարավորություն չունեցան բարձրացնելու իրենց հուզող հարցերը, ինչպես Արևմուտքի մյուս երկրներում: և միայն 1989թ. Ռումինական հեղափոխությունից հետո հայերը կամաց-կամաց կազմակերպում են ազգային կյանքը և ձևակերպում իրենց պահանջները:

Հանրային առումով Ռումինիայում այսօր խնդիր չկա Հայոց ցեղասպանության հարցում: Դրա մասին գրվում և բացահայտ, խոսվում է ամենուր` մամուլով, հեռուստատեսությամբ, ռադիոյով, հանրային հարթակներում: Դա դիտվում է որպես խոսքի ազատության դրսևորում: Օրինակ, 2011թ. Բուխարեստի Տնտեսագիտական ակադեմիայում կազմակերպեցինք Հայոց ցեղասպանության վերաբերյալ քննարկում պատմաբաններ Թաներ Աքչամի և Հարություն Գևորգյանի մասնակցությամբ, որին ներկա էր և խոսք ասաց Ռումինիայի նախկին նախագահ Իոն Իլիեսկուն, հաջորդ տարին նույն թեմայով Բուխարեստի համալսարանում ելույթ ունեցավ Հայկ Դեմոյանը, ցեղասպանության, հայ-թուրքական հարաբերությունների և Լեռնային Ղարաբաղի հարցերով այս մարտին Բուխարեստի հեղինակավոր վերլուծական հաստատություններում, հեռուստատեսությամբ և մամուլով հանդես եկավ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը: Այս ապրիլի 23-ին Ռումինիայի խորհրդարանի վերին և ստորին պալատներում Հայոց ցեղասպանությունը դատապարտող հայտարարություններով հանդես եկան սենատոր Վարուժան Ոսկանյանը և պատգամավոր Վարուժան Փամբուկչյանը: Հայոց Ցեղասպանության հիշատակի առիթով ուղերձ հղեց Ռումինիայի Սիբիու մարզի պրեֆեկտը: Բուխարեստի Հեղափոխության հրապարակում Ապրիլի 24-ի հիշատակի ցույցին միացել էին հույները, գնչուներն ու այլ փոքրամասնություններ: Ռումինիայի TVR1 հանրային հեռուստատեսությունն ապրիլի 24-ի երեկոյան ուղիղ եթերով մեկուկես ժամանոց հաղորդում էր նվիրել Հայոց Ցեղասպանությանը, որի հյուրերն էին պատմաբաններ ակադեմիկոս Անդրեյ Պիպիդին/Andrei Pippidi և դոկտ. Զոե Պետրեն/Zoe Petre, սենատոր Վարուժան Ոսկանյանը և գրող, հրապարակախոս Պետրոս Խորասանջյանը: Նույն երեկոյան Հայոց Ցեղասպանությանը նվիրված հաղորդում էր հեռարձակել TVR1 հանրային հեռուստատեսության Կլուժ քաղաքի տեղական ալիքով: Ռումինական հայտնի Adevarul օրաթերթն իր adevarul.ro էլեկտրոնային տարբերակի վրա ապրիլի 24-ին զետեղել էր իմ ծավալուն հարցազրույցը, Observator Cultural վերլուծական հեղինակավոր հանդեսը զետեղել էր ռումինահայ գրող և հրապարակախոս Վարդան Առաքելյանի պատրաստած ՛՛Հայկական հարցը դիվանագիտական արխիվներում՛՛ ծավալուն թղթածրարը, իսկ Կոնստանցայի Gazeta De Constanta օրաթերթը հրապարակել էր պրոֆեսոր Միքայել Կիրկորի/Mihael Chircor հոդվածը Հայոց Ցեղասպանության մասին:
Չմոռանանք, որ Հայոց ցեղասպանության մասին պատմող արդի ամենաարժեքավոր գրական գործերից մեկը գրվել է հենց Ռումինիայում: Խոսքը Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյան» վեպի մասին է, որ մրցանակների է արժանացել թե Ռումինիայում, թե թարգմանվել և տարածվում է աշխարհի տասնյակ երկրներում:
Կարծում եմ, որ Հայոց ցեղասպանության մասին պետք է խոսվի բաց և շիտակ եվրոպական հարթակում` համամարդկային կտրվածքով. այն միայն մեր խնդիրը չէ, այլ մարտահրավեր է եվրոպական քաղաքակրթությանը և արժեքներին, և մեզնից յուրաքանչյուրը` հայ թե ռումին, պետք է մեր ձայնը բարձրացնենք ընդդեմ մերժողականության, խտրականության և այլատյացության, հանուն արդարության և մարդկային արժանապատվության, հանուն ժողովուրդների խաղաղ գոյակցության և անվտանգ ապագայի:

– Դուք հիշատակեցիք Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյան» վեպը, որը թարգմանվել է նաև հայերեն: Այդ օրինակով ի՞նչ այլ ծրագրեր կան մշակույթի բնագավառում:

- Նախ կուզենայի նշել, որ այն պարզ թարգմանություն չէ, այլ վեպի հայերեն տարբերակը` փաստորեն երկրորդ բնագիրը, որ արվել է հեղինակի մասնակցությամբ: Ըստ իս, սրանով վեպը դառնում է հայ գրականության երևույթ: Հենց հայերեն տարբերակից են պատրաստվում արևելյան որոշ լեզուներով թարգմանություններ:

Առհասարակ, երբ խոսում ենք ռումինահայ մշակութային վիթխարի ժառանգության մասին, պարզվում է երկու պատկեր. առաջինը` այդ ժառանգությունը վերաբացահայտելու, վերարժևորելու և ներկայացնելու անհրաժեշտությունը` լինի դա բուն ռումիններին թե հայերին, և երկրորդ` դրա համար անհրաժեշտ ծրագրերի կազմումը և մասնագետների պատրաստումը: Երկու ուղղությամբ էլ կարիք է զգացվում համակարգված և հետևողական աշխատանքի, ինչպես նաև համատեղ ջանքերի, որի համար կան բավարար իրավական հիմքեր, մասնավորապես 2011թ. ապրիլին Բուխարեստում ստորագրված Հայաստանի կրթության և գիտության նախարարության և Ռումինիայի գիտահետազոտական ազգային կենտրոնի միջև համագործակցության համաձայնագիրը, նույն տարվա սեպտեմբերին` մշակույթի, կրթության և գիտության բնագավառներում համագործակցության միջպետական ծրագիրը: Այդ գիտակցումով, հենվելով այդ փաստաթղթերի դրույթների վրա, դեսպանության անմիջական ջանքերով 2011թ. Բուխարեստի համալսարանում վերաբացվեց հայերենի դասընթացը, իսկ հաջորդ տարի համագործակցության հուշագիր ստորագրվեց Երևանի և Բուխարեստի համալսարանների միջև: Նման համաձայնագիր ստորագրվեց նաև Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի և Ռումինական ակադեմիայի միջև: Մի այլ համաձայնագիր պատրաստվում է Ազգային արխիվների միջև: Պետական կրթաթոշակներով ամեն տարի Հայաստանից 8-9 ուսանող իրենց կրթությունը շարունակում են ռումինական բուհերում: Կարծում եմ, այդ կրթաթոշակների մեջ տարեկան 1-2 տեղ նպատակային հատկացում պետք է արվի պատմաբանասիրական ճյուղերին, որովհետև Ռումինիայում հայագիտության լավ ավանդույթների վերականգնման ուղղությամբ նպաստավոր պայմաններ և անհրաժեշտություն կա:

Գոհունակությամբ ուզում եմ նշել, որ ռումինական իշխանությունները պատրաստակամորեն ընդառաջում են մեր նախաձեռնություններին և ծրագրերին, որի լավագույն օրինակներից է անցյալ տարվա հոկտեմբերի վերջին Բուխարեստում գումարված ռումինահայ մշակութային ժառանգության վերաբերյալ միջազգային գիտաժողովը, ինչպես նաև 2015թ. նախատեսված Ռումինիայի պատմության ազգային թանգարանում խոշոր ցուցահանդեսը:
Մշակութային դիվանագիտությունը լայն հնարավորություններ է տալիս միմյանց լավագույնս ճանաչելու և գնահատելու, ինչպես նաև բարենպաստ հող է պատրաստում այլ ուղղություններով հարաբերությունները զարգացնելու համար: 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: