• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառումներ Ռումինիայում

25 ապրիլի, 2014

Այս օրերին Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում եւ հայաբնակ այլ քաղաքներում անց են կացվում Մեծ Եղեռնի հիշատակի միջոցառումներ: Ոճրագործությունը դատապարտող հայտարարություններ են հնչեցվում օրենսդիր եւ տեղական իշխանությունների, ազգային փոքրամասնությունների կողմից: Հարյուրամյա տարելիցին ընդառաջ Հայոց ցեղասպանության թեման լայնորեն լուսաբանվում է ռումինական մամուլում:

Ապրիլի 23-ին Ռումինիայի խորհրդարանի վերին եւ ստորին պալատներում Հայոց ցեղասպանությունը դատապարտող հայտարարություններով են հանդես եկել Ռումինիայի Հայոց Միության նախագահ, սենատոր Վարուժան Ոսկանյանը եւ Պատգամավորների պալատի անդամ, Ազգային փոքրամասնությունների խմբի ղեկավար Վարուժան Փամբուկչյանը: Պատգամավորն իր ելույթում վկայակոչելով միջազգային տարբեր սուբյեկտների կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչումը` կոչ է արել 100-ամյակի նախաշեմին համատեղել ջանքերը Թուրքիային ժխտողականության ճանապարհից դարձնելու համար:

Հայոց Ցեղասպանության հիշատակի առիթով ուղերձ է հղել Ռումինիայի Սիբիու մարզի պրեֆեկտ` Օվիդիու-Իոան Սիտերլին/Ovidiu-Ioan Sitterli, որում մասնավորապես ասվում է. ՛՛Միշտ էլ դժվար կլինի ցեղասպանության կապակցությամբ պատեհ խոսքեր գտնել: Մենք գլուխ ենք խոնարհում “Մեծ չարիքին” զոհ գնացածների տառապանքների առջեւ: Նրանց հիշատակը փոխանցում ենք գալիք սերունդներին, որպեսզի դատապարտված չլինենք պատմության սեւ էջերի կրկնությանը՛՛:

Հայոց Ցեղասպանությունը դատապարտել է Ռումինիայի գնչուական համայնքը: Գնչուների սոցիալական միջամտության եւ հետազոտությունների կենտրոնի հաղորդագրությունում ասվում է. ՛՛ Միասին, Թուրքիայում, հիշատակում ենք 1915թ. Հայոց ցեղասպանությունը, մանրակրկիտ մշակված մի նախագիծ, որը հանգեցրեց Օսմանյան կայսրությունում 1.5 մլն. հայերի կոտորածին` ուղղված վերացնելու նրանց քաղաքակրթությունը եւ “թուրքացնելու” Անատոլիան: Ի նշան զոհերի եւ նրանց սերունդների նկատմամբ հարգանքի, գնչուները կոչ են անում բոլորին միանալ իրենց եւ վերջակետ դնել 100-ամյա ժխտմանը՛՛:

Ռումինիայի TVR1 հանրային հեռուստատեսությունն ապրիլի 24-ի երեկոյան ուղիղ եթերով մեկուկես ժամանոց հաղորդում էր նվիրել Հայոց Ցեղասպանությանը: Հայտնի հեռուստամեկնաբաններ Դանիել Ապոստոլի/Daniel Apostol եւ Միրունա Մունտեանի/Miruna Muntean „Հինգշաբթի ժ. 9-ին” հեռուստաբանավեճի հյուրերն էին պատմաբաններ ակադեմիկոս Անդրեյ Պիպիդին/Andrei Pippidi եւ դոկտ. Զոե Պետրեն/Zoe Petre, սենատոր Վարուժան Ոսկանյանը եւ գրող, հրապարակախոս Պետրոս Խորասանջյանը: Հաղորդման ժամանակ անհերքելի փաստերով հիմնավորելով երիտթուրքական կառավարության գործած ոճիրը եւ քննադատելով ժամանակակից Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը` մասնակիցները բովանդակությունից զուրկ եւ անբավարար համարեցին վարչապետ Էրդողանի տարածած „ցավակցական” ուղերձը (հաղորդման մեջ այդ ուղերձը հնչեցվեց Բուխարեստում Թուրքիայի դեսպանի տեսագրության միջոցով: Ի դեպ, Թուրքիայի դեսպանությունը պաշտոնական նոտայով այն տարածել էր նաեւ Ռումինիայում հավատարմագրված դիվներկայացուցչություններին: Ռումինիայում ՀՀ դեսպանությունն իր հերթին շպաշտոնապես տարածել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ապրիլքսանչորսյան ուղերձը եւ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի մեկնաբանությունները Էրդողանի հայտարարության կապակցությամբ): Հաղորդման ժամանակ հատվածներ ցուցադրվեցին „Ստրունգա” վավերագրական ֆիլմից, որը պատմում է 1923 թ. Ռումինիայի կառավարության կողմից Ստրունգա բնակակավայրում 400 հայ որբերին ապաստան տալու մասին: Վարուժան Ոսկանյանը երախտագիտություն հայտնեց փախստական հայերի նկատմամբ այն ժամանակվա Ռումինիայի կառավարության մարդասիրական վերաբերմունքի կապակցությամբ` միաժամանակ ափսոսանքով նշելով, որ Հայոց ցեղասպանության հարցն առայժմ բացակա է այսօրվա ռումինական քաղաքական օրակարգում:

Նույն երեկոյան Հայոց Ցեղասպանությանը նվիրված հաղորդում է հեռարձակել TVR1 հանրային հեռուստատեսության Կլուժ քաղաքի տեղական ալիքով:

Ռումինական հայտնի Adevarul օրաթերթն իր adevarul.ro էլեկտրոնային տարբերակի վրա ապրիլի 24-ին զետեղել է Ռումինիայում Հայաստանի դեսպան Համլետ Գասպարյանի հետ ծավալուն հարցազրույց „Հայաստանի դեսպան. Եթե Եվրոպայի համար Առաջին համաշխարհային պատերազմը փակված էջ է, հայերի համար այն մնում է բաց եւ արնածոր վերք” վերնագրով:

Դեսպանը նշել է, որ „թեեւ այսօրվա Հայաստանը նախորդ դարի 20-ական թվականների թույլ, գաղթականներով եւ համաճարակներով լեցուն երկիրը չէ, այլ պաշտպանական տպավորիչ կարողությամբ օժտված բավական կենսունակ պետություն, այն ժառանգել է բարդագույն խնդիրներ նախորդ շրջանից` Լեռնային Ղարաբաղի հարցը եւ Թուրքիայի հետ չլուծված հարաբերությունները, որոնք կաշկանդում են երկրի նորմալ զարգացումը եւ վտանգում նրա ապագան”: „Մեծ հաշվով հարցերը մնում են չլուծված: Հայաստանը դիմագրավում է լուրջ սպառնալիքների, որոնք վտանգում են նրա գոյությունն իսկ: Ուստի վերջին քսան տարիներին Հայաստանն աշխատում է մի կողմից միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել Հայոց ցեղասպանության գերկարեւոր խնդրի վրա, մյուս կողմից անմիջականորեն այսօրվա Թուրքիայի հետ գտնել հարաբերությունները կարգավորելու ուղիներ”, ասում է դեսպան Գասպարյանը: Դեսպանը բացատրում է, որ այսօր խոսքը վերաբերում է ցեղասպանության հետեւանքների վերացմանը, քանի որ „եթե դահիճը չկա, ապա զոհը մնում է: Զոհը մի կողմից Հայաստանն է եւ Հայաստանի բնակչությունը, որն այսօր իր ուսերին կրում է ցեղասպանության հետեւանքների ողջ ծանրությունը, մյուս կողմից հայ ժողովրդի մի հսկա հատվածը` ցեղասպանության ժառանգները, որոնք օտար երկրներում ենթական են լիակատար ուծացման, ինքնության կորստի եւ հաճախ ֆիզիկական բռնությունների ու նոր տեղահանությունների, ինչպես վերջերս Մերձավոր Արեւելքում է, օրինակ` սիրիական Քեսաբի դեպքերը”: Ըստ դեսպանի, Հայաստանն ակնկալում է, որ „թուրքական կողմը փոխի իր բառապաշարը եւ պահվածքն այդ հարցում եւ վերադառնա 2009թ. Ցյուրիխյան արձանագրություններով նախատեսված հանձնառություններին: Դա հնարավորություն կտար բարդ հարցերը քննարկել եւ լուծման ուղիներ փնտրել ավելի հանդարտ պայմաններում”: „Ոչ միայն միջազգային հանրության եւ Հայաստանի, այլ հենց Թուրքիայի շահերից է բխում Հայոց ցեղասպանության հարցին շուտափույթ լուծում գտնել: Այն գերկարեւոր է մեր շրջանի, Մեծ Միջին Արեւելքի եւ Եվրոպայի անվտանգության առումով: Առանց հայկական հարցի լուծման հնարավոր չէ պատկերացնել կայունություն այդ ընդարձակ տարածքներում”, եզրակացնում է Հայաստանի դեսպանը:
Ապրիլի 24-ին ռումինական Observator Cultural վերլուծական հեղինակավոր հանդեսը զետեղել էր ռումինահայ գրող եւ հրապարակախոս Վարդան Առաքելյանի պատրաստած ՛՛Հայկական հարցը դիվանագիտական արխիվներում՛՛ ծավալուն թղթածրարը, իսկ Կոնստանցայի Gazeta De Constanta օրաթերթը հրապարակել է ռումինահայ պրոֆեսոր Միքայել Կիրկորի/Mihael Chircor հոդվածը Հայոց Ցեղասպանության մասին: Թեման լուսաբանվել է ռումինական Agerpres լրատվական գործակալության կողմից:

Ապրիլի 24-ի երեկոյան հիշատակի ցույց տեղի ունեցավ Բուխարեստի Հեղափոխության հրապարակում, որտեղ ներկաներին իրենց խոսքը ուղղեցին սենատոր Վարուժան Ոսկանյանը, Ռումինիայի խորհրդարանի ազգային փոքրամասնությունների խմբի ղեկավար Վարուժան Փամբուկչյանը, Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Տաթեւ Եպս. Հակոբյանը, Ռումինիայի հունական միության պատագավոր Դրագոշ Գաբրիել Զիսոպոլը/Dragos Gabriel Zisopol եւ գրող Վարդան Առաքելյանը: Նույն առավոտյան Բուխարեստի Սրբ. Միքայել եւ Գաբրիել Հրեշտակապետաց եկեղեցում մատուցվել էր հոգեհանգստի արարողություն, որին ներկա էին Բուխարեստում պապական պատվիրակ մոնսենյոր Ֆրանչիսկո-Խավիեր Լոզանոն/Francisco-Javier Lozano, Ռումինիայի ուղղափառ, կաթոլիկ, ղպտի և հրեական կրոնական համայնքների ներկայացուցիչներ: Արարողության ավարտին ծաղկեպսակներ զետեղվեցին Ցեղասպանության զոհերի հիշատակի հուշարձանին: Բոլոր միջոցառումների հայ համայնքի կողքին էին նաեւ քրդական համայնքի ներկայացուցիչները:

Եղեռնի 99-րդ տարելիցը նշվել է նաեւ Ռումինիայի հայաբնակ մյուս քաղաքներում:
Ապրիլի 16-ին ՌՀՄ Յաշի/Iasi մասնաճյուղը կազմակերպել էր Հայոց Ցեղասպանությանը նվիրված կոնֆերանս՝ քաղաքի համալսարանական շրջանակների ակտիվ մասնակցությամբ:

Բոտոշանի/Botosani շրջանային գրադարանում ապրիլի 24-ից մեկնարկել է երկշաբաթյա ցուցահանդես, որտեղ ներկայացվում են Հայոց ցեղասպանության թեմայով ռումինահայ Ararat հանդեսի տարբեր տարիների համարները, արխիվային փաստաթղթեր, լուսանկարներ:

Կլուժի/Cluj հայ համայնքի ջանքերով Տրանսիլվանիայի էթնոգրաֆիկ թանգարանում կազմակերպվելու է Հայոց Ցեղասպանությանը նվիրված քննարկում, որի ընթացքում թեմատիկ զեկույցներով հանդես են եկել պատմաբան Լորան Մադլին/Lorand Madly եւ դոկտորանտ Կլաուդիա Դարաբանը/Claudia Daraban: Քննարկմանը հաջորդել է հիշատակի երեկո` ուղեկցված Ֆլաուտո Դոլչե/Flauto Dolce խմբի դասական համերգով:

Բակաու/Bacau քաղաքում Ռումինիայի Հայոց Միության կազմակերպմամբ “Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շաբաթի” շրջանակներում Եռագույնի հրապարակում ելույթներ են ունեցել պատգամավոր Վարուժան Փամբուկչյանը եւ ռումին գրող Միրչա Բոստանը/Mircea Bostan: Քաղաքի ֆիլհարմոնիայում անցկացվելու է սիմպոզիում, որի ընթացքում զեկույցներով հանդես են գալու սենատոր Վարուժան Ոսկանյանը, գրող-հրապարակախոս Պետրոս Խորասանջյանը, ռումին պրոֆեսորներ: Համայնքային կենտրոնում հաղորդումներ են ունեցել հայաստանցի կամավորներ եւ ուսանողներ:

Բուխարեստյան միջոցառումները շարունակվելու են Հայ մշակույթի տանը, որտեղ ապրիլի 25-ին ՛՛Ցեղասպանության իրավական ասպեկտները՛՛ թեմայով ելույթ-քննարկման հյուրն է Բրաշովի Տրանսիլվանիայի համալսարանի դոկտոր Նաստի Վլադոյուն/Nasty Vladoiu: Միջոցառման ընթացքում տեղի է ունենալու Յուրի Բարսեղովի Հայոց Ցեղասպանության իրավական ասպեկտներին նվիրված գրքի ռումիներեն թարգմանության շնորհանդեսը:
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: