• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Ռումինիայում Հայաստանի դեսպան Համլետ Գասպարյանի հարցազրույցը Adevarul օրաթերթին Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ

24 ապրիլի, 2014
Ռումինիայում Հայաստանի դեսպան Համլետ Գասպարյանի հարցազրույցը Adevarul օրաթերթին Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Հայաստանի դեսպան. Եթե Եվրոպայի համար Առաջին համաշխարհային պատերազմը փակված էջ է, հայերի համար այն մնում է բաց եւ արնածոր վերք

Ապրիլի 24-ին Adevarul օրաթերթն իր adevarul.ro կայքէջի վրա զետեղեց Ռումինիայում Հայաստանի դեսպան Համլետ Գասպարյանի հետ հարցազրույցը, որի հայերեն տարբերակը ներկայացնում ենք ստորեւ:

ՀԱՐՑ: Պարոն դեսպան, այս տարվանից Եվրոպայում ամենուր նշվում է Առաջին համաշխարհային պատերազմի 100-ամյակը, զուգահեռաբար աշխարհի հայերն էլ պատրաստվում են նշել Հայոց ցեղասպանության 100-ամյակը: Ի՞նչ առնչություններ կան այս երկու դրամատիկ իրադարձությունների միջեւ:

ՊԱՏԱՍԽԱՆ: Ուղիղ, որովհետեւ հայերի արտաքսման եւ բնաջնջման վերջնական փուլն իրագործվեց հենց համաշխարհային պատերազմի քողի տակ: Հայ ժողովուրդն ամենամեծ եւ անդառնալի կորուստն ունեցավ այդ պատերազմում: Եթե նայենք միայն թվերին, ապա պատերազմի տարիների մարդկային կորուստների մեջ յուրաքանչյուր 10-ից մեկը հայ էր, եւ գլխովին քաղաքացիական բնակչություն: Ցավոք, մինչեւ այսօր այս թվերը արտացոլված չեն Առաջին համաշխարհային պատերազմի տարեգրությունում, կարծես հայերի սահմռկեցուցիչ զանգվածային ջարդերը տեղի են ունեցել այլ մոլորակում, ոչ թե երկրագնդի վրա` իրենց իսկ պատմական հայրենիքում: Վարուժան Ոսկանյանն իր նշանավոր „Շշուկների մատյան” վեպի մեջ ասում է, թե պատմությունը գրում են հաղթողները, ոչ թե պարտվողները: Իսկապես, տարիներ առաջ նոյեմբերյան խոնավ ու անձրեւոտ մի օր ես ներկա էի Վերդենի Դուոմոնի դամբարանի/Verdun, Ossuaire de Douaumont առջեւ ավանդական հիշատակի արարողությանը եւ սիրտս վիրավորանքից կցկվեց, երբ գլխավոր ճառախոսը Առաջին համաշխարհային պատերազմի մասնակից ազգերի զոհերին հիշատակելիս մեկ խոսք անգամ չասաց հայերի վիթխարի կորուստների մասին: Մինչդեռ հենց Դուոմոնի դամբարանի ճիշտ ճակատին զույգ վահանակների վրա դրոշմված են հայկական Վան եւ Սիս նահատակ քաղաքների անունները: Նույնն էր այդ օրը մասնակիցներին բաժանված Առաջին համաշխարհային պատերազմի պատկերազարդ ժամանակագրության ալբոմում. ոչ մի խոսք եւ ոչ մի պատկեր հայ ժողովրդի Գողգոթայի մասին:

ՀԱՐՑ: Այդ լռության բացատրություն կա՞:

ՊԱՏԱՍԽԱՆ: Եթե բարոյականության տեսակետից այդ լռությունն ամոթալի է եւ խիստ վիրավորական հայերի համար, կարող ենք բացատրություն գտնել այդ ժամանակվա եւ դրան անմիջապես հաջորդող իրադարձությունների ու միջազգային քաղաքական վերադասավորումների մեջ: Հիշենք, որ Օսմանյան Թուրքիան Առաջին համաշխարհայինի պարտվողների շարքում էր եւ Անտանտը 1920թ. օգոստոսին Սեւրի դաշնագրով հայերին հատկացրեց իրենց պատմական հայրենիքի մի մասը, իսկ նոյեմբերին ԱՄՆ նախագահ Վուդրո Ուիլսոնի իրավարար վճռով գծվեց Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ սահմանը` Հայաստանի համար դեպի Սեւ ծով ելքի ապահովումով: Սակայն այս ամենը մնաց թղթի վրա մի կողմից հաղթողների միջեւ հակասությունների սրման, մյուս կողմից բոլշեւիկների եւ թուրքերի միջեւ ի վնաս հայերի ներքին պայմանավորվածությունների հետեւանքով: Այսինքն, որպեսզի պատկերն ավելի պարզ լինի, պատերազմի ընթացքում Օսմանյան Թուրքիայի ենթակայության տակ գտնվող հայկական պատմական տարածքները լիովին դատարկվել էին հայերից, երիտթուրքերի հղացած ծրագրով հայերը բռնի քշվել էին դեպի արաբական անապատների մահվան ճամբարներ` դաժան կոտորածների եւ համաճարակների հետեւանքով տալով 1,5 մլն մարդկային զոհ, անդարձ կորցնելով տուն-տեղ, ունեցվածք, ամեն ինչ: Այս ահավոր աղետը կարող էր մասնակիորեն մեղմվել, եթե դաշնակիցները հարգեին Սեւրի պայմանագիրը: Սակայն 1923թ. Լոզանի պայմանագրի մեջ Հայաստանի մասին հոդվածը հանվեց, իսկ մինչ այդ նախկին Ռուսական կայսրության ենթակայության տակ գտնող եւ 1920թ. նոյեմբերին խորհրդայնացված մյուս Հայաստանը թուրք-բոլշեւիկյան համաձայնությամբ անդամահատվեց` զգալի հատվածներ զիջելով Թուրքիային եւ նրա եղբայրակից նորաստեղծ Ադրբեջանին (պատմական Հայաստանը դարեր ի վեր բաժանված էր երկու կայսրությունների միջեւ` նախկինում Բյուզանդական եւ Պարսկական, հետագայում Օսմանյան եւ Ռուսական): Այսպիսով, Առաջին համաշխարհային պատերազմից հետո ստեղծված նոր աշխարհակարգով, հայ ժողովրդի իրավունքների բացահայտ անտեսումով եւ ոտնահարումով Հայկական հարցը խլացվեց եւ մտցվեց խոր արկղի մեջ, իսկ հայկական կոտորածների` այսինքն Հայոց ցեղասպանության նյութի վրա դրվեց երկարատեւ տաբու: Անդամահատված, բոլշեւիկյան կրնկի տակ դրված թույլ եւ փոքրիկ Սովետական Հայաստանը եւ ջարդված, աշխարհով մեկ ցաքուցրիվ ապաստանած գաղթական եւ փախստական հայերն ի վիճակի չէին պաշտպանել իրենց իրավունքները: Ահա թե ինչ ժառանգեց 1991թ. իր անկախությունը վերագտած Հայաստանը: Ուստի եթե Եվրոպայի համար Առաջին համաշխարհային պատերազմը փակված էջ է, հայերի համար այն մնում է բաց եւ արնածոր վերք:

ՀԱՐՑ: Իսկ ի՞նչ է անում Հայաստանն այդ լռության պատը քանդելու, այդ անարդարությունների առաջն առնելու համար: Այսօր չկա այլեւս բոլշեւիկյան լուծը, եւ խոսվում է ոչ թե թույլ ու բզկտված, այլ ազդեցիկ եւ համախմբված հայկական սփյուռքի մասին:

ՊԱՏԱՍԽԱՆ: Նախ ուզում եմ նորից նշել, որ թեեւ այսօրվա Հայաստանը նախորդ դարի 20-ական թվականների թույլ, գաղթականներով եւ համաճարակներով լեցուն երկիրը չէ, այլ պաշտպանական տպավորիչ կարողությամբ օժտված բավական կենսունակ պետություն, այն ժառանգել է բարդագույն խնդիրներ նախորդ շրջանից` Լեռնային Ղարաբաղի հարցը եւ Թուրքիայի հետ չլուծված հարաբերությունները, որոնք կաշկանդում են երկրի նորմալ զարգացումը եւ վտանգում մեր ապագան: Մյուս կողմից, իրավացի եք, հայկական սփյուռքը շատ արագ ոտքի է կանգնել եւ տարբեր երկրներում ազդեցիկ դիրքեր գրավելով սկսել է հետապնդել իր իրավունքները: Սակայն, մեծ հաշվով հարցերը մնում են չլուծված: Հայաստանը դիմագրավում է լուրջ սպառնալիքների, որոնք վտանգում են նրա գոյությունն իսկ: Համոզվելու համար սրանում բավական է աչք նետել մեր շրջանի քարտեզին, ուր Հայաստանը շրջափակված է երկու կողմից` Ադրբեջանի եւ Թուրքիայի, իսկ մյուս երկու հարեւանները` Իրանը եւ Վրաստանը սեփական խնդիրներն ունեն կարգավորելու: Այնուամենայնիվ, վերջին քսան տարիներին Հայաստանն աշխատում է մի կողմից միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել Հայոց ցեղասպանության գերկարեւոր խնդրի վրա, մյուս կողմից անմիջականորեն այսօրվա Թուրքիայի հետ գտնել հարաբերությունները կարգավորելու ուղիներ:

ՀԱՐՑ: Դուք այսօրվա Թուրքիային պատասխանատու համարու՞մ եք այդ իրադարձությունների մեջ:

ՊԱՏԱՍԽԱՆ: Խոսքը պատասխանատվության կամ դատի մասին չէ` Հայոց ցեղասպանության ծրագրողները եւ իրականացնողները վաղուց չկան, այլ ցեղասպանության հետեւանքների վերացման: Եթե դահիճը չկա, ապա զոհը մնում է: Զոհը մի կողմից Հայաստանն է եւ Հայաստանի բնակչությունը, որն այսօր իր ուսերին կրում է ցեղասպանության հետեւանքների ողջ ծանրությունը, մյուս կողմից հայ ժողովրդի մի հսկա հատվածը` ցեղասպանության ժառանգները, որոնք օտար երկրներում ենթական են լիակատար ուծացման, ինքնության կորստի եւ հաճախ ֆիզիկական բռնությունների ու նոր տեղահանությունների, ինչպես վերջերս Մերձավոր Արեւելքում է, օրինակ` սիրիական Քեսաբի դեպքերը, երբ 700 հայ ընտանիք Թուրքիայից անարգել Սիրիա թափանցած ահաբեկիչ խմբերի հարձակումների տակ տուն-տեղ թողած փախան ապաստանելու Լաթաքիայում: Նույնն էր երեկ Իրաքում, դրանից առաջ Լիբանանում եւ այլուր, որտեղից տասնյակ հազարավոր հայեր գաղթել են Ամերիկայի եւ Եվրոպայի տարբեր երկրներ: Այսօր հայ լինելը դեռ շարունակում է մնալ վտանգավոր: Հայերն ինչպե՞ս իրենց ապահով զգան, երբ Թուրքիայում պաշտոնապես ժխտում են ցեղասպանությունը եւ երկրի ներսում թե դրսում ատելություն սերմանում հայերի հանդեպ: Մինչդեռ Թուրքիայի կողմից իր պատմության մութ էջերի հետ առերեսումը` Հայոց ցեղասպանության ճանաչումը, կհանդարտեցներ այդ տագնապը, նվազագույն բարոյական ժեստ կլիներ անմեղ զոհերի հիշատակի հանդեպ եւ մասամբ կամոքեր հայ ժողովրդի խորը ցավը: Ինչպես նաեւ Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը եւ սահմանների բացումը, որը կթեթեւացներ Հայաստանի տնտեսական վիճակը:

ՀԱՐՑ: Այնուամենայնիվ, ո՞րն է ելքը, եթե Թուրքիան համառում է:

ՊԱՏԱՍԽԱՆ: Գիտեք, հարցը միայն Թուրքիան չէ, թեեւ այնտեղ Հայոց ցեղասպանության տաբուն սկսել է ճաքեր տալ. վերլուծական-լրագրողական, գիտական-համալսարանական շրջանակներում, որոնց շարքում հայտնի անուններ` օր., Նոբելյան մրցանակակիր Օրհան Փամուկը, պատմաբան ցեղասպանագետ Թաներ Աքչամը եւ այլք, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակության մեջ այսօր արդեն բացորեն խոսում են այդ հարցում թուրքական կառավարության պատասխանատվության եւ անելիքների մասին, մինչդեռ երեկ դա քրեորեն պատժելի էր (301 հոդված): Խորհրդանշական իմաստով դրա մեկնարկը հանդիսացավ 2007թ. հունվարին թուրքահայ լրագրող, Ստամբուլում հրատարակվող „Ակոս” թերթի հիմնադիր խմբագիր Հրանտ Դինքի սպանությունը թուրք ծայրահեղականների կողմից: Այն անսպասելիորեն ցնցեց թուրք հասարակությանը եւ 100-հազարավորների հանեց փողոց, որոնք սկսեցին գոչել` „Մենք բոլորս հայ ենք, մենք բոլորս Հրանտ Դինք ենք”: Չմոռանանք, որ 1915-ին էլ շատ թուրքեր ու քուրդեր մահվան սպառնալիքի տակ փրկեցին հայերի, ասել է թե թուրքերի մի մասը այսօր էլ այլ կերպ է մտածում: Քաղաքական շրջանակներում, հատկապես տեղական իշխանությունների մակարդակով նույնպես տեղաշարժեր են կատարվում: Թուրքական խորքում ի հայտ են գալիս ծպտյալ կամ իսլամացած հայերի խմբեր, որոնք սկսում են իրենց ինքնությունը եւ իրավունքները հետապնդել: Ուրեմն սա մի ուղղություն է, որով թուրքական կառավարությունն իր իսկ հասարակության ճնշման տակ` ձերբազատվելու համար անցյալի հրեշներից եւ ուրվականներից, կարող է վերանայել հայկական հարցում իր քաղաքականությունը:
Երկրորդ ուղղությունը միջպետական երկխոսությունն է, մենք հույսներս չենք կորցնում, որ թուրքական կողմը կփոխի իր բառապաշարը եւ պահվածքն այդ հարցում եւ կվերադառնա 2009թ. Ցյուրիխյան պրոտոկոլներով նախատեսված հանձնառություններին, որով նախատեսվում էր Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատում եւ սահմանների բացում առանց նախապայմանների: Դա հնարավորություն կտար բարդ հարցերին լուծման ուղիներ փնտրել ավելի հանդարտ պայմաններում:
Երրորդը միջազգային հանրության համարժեք պահվածքն է Հայոց ցեղասպանության հարցում: Ես նկատի ունեմ պետություններին, միջազգային կազմակերպություններին եւ բուն հասարակություններին: Չեմ կարծում, թե որեւէ պետության մակարդակով որեւէ կասկած կա ցեղասպանության եղելության եւ թուրքական պատասխանատվության մասին: Այստեղ հարցը ժամանակակից Թուրքիայի հետ հարաբերություններն են, ուր յուրաքանչյուր պետություն ելնում է իր օրվա շահերից եւ առաջնահերթություններից: Այստեղ երբ նժարի վրա են դնում Թուրքիային եւ Հայաստանին, ապա զուտ օգտապաշտական կամ real-politic տեսակետից բնականաբար այն թեքվում է թուրքական կողմը: Գրեթե նույն պատկերն է միջազգային կառույցների դեպքում: Ինչ վերաբերում է միջազգային հանրային կարծիքին, ապա այն մեծ մասամբ անտեղյակ է հարցին, կամ լավագույն դեպքում դրա էությանը: Միջազգային օրվա լրահոսի մեջ Հայոց ցեղասպանության հարցը հաճախ մատուցվում է որպես մի մանրուք, հայ-թուրքական մի մաշված կլիշե, որի վրայով սահում-անցնում է հայացքը: Այստեղից հասկանալի է, թե ինչու թուրքական կողմը հաշվարկներ է անում ժխտողականության եւ մոռացության վրա:
Սակայն մի՞թե այստեղ է լուծումը. չոր շահ, անտարբերություն եւ մոռացություն: Կարծում եմ, սա խորապես սխալ մոտեցում է: Եթե ժամանակին Օսմանյան Թուրքիան եւ երիտթուրքական կառավարությունը կարողացան անպատիժ կերպով հայերին արտաքսել եւ բնաջնջել իրենց պատմական տարածքներից, ապա ժամանակակից աշխարհում գնալով ավելի է դժվարանալու նույնն անել Հայաստանի եւ ամբողջ աշխարհի հայկական սփյուռքի հետ: Ուրեմն Հայոց ցեղասպանության հարցը, որ միջազգային օրակարգի հարց է դարձել, քանի որ օրեցօր շատ պետություններ եւ միջազգային կառույցներ են այն ճանաչում, առավել հաստատուն տեղ է զբաղեցնելու միջազգային օրակարգում: Ուստի ոչ միայն միջազգային հանրության եւ Հայաստանի, այլ հենց Թուրքիայի շահերից է բխում դրան շուտափույթ լուծում գտնել: Այն գերկարեւոր է մեր շրջանի, Մեծ Միջին Արեւելքի եւ Եվրոպայի անվտանգության առումով: Առանց հայկական հարցի լուծման հնարավոր չէ պատկերացնել կայունություն այդ ընդարձակ տարածքներում:

ՀԱՐՑ: Անձնապես ձեզ համար ի՞նչ է Հայոց ցեղասպանությունը:

ՊԱՏԱՍԽԱՆ: Զգացական առումով ամենօրյա լուռ ցավ, որ հետապնդում է զօրուգիշեր, տասնամյակներ շարունակ որբերի ու կորուսյալ ազգականների փնտրտուքներ թերթերի սյունակներում, բիբլիական Արարատ լեռան սգաշուք պատկեր, որ ամեն վայրկյան դեմդ է հառնում որպես պատգամ: Գիտակցական առումով դա հնամյա քաղաքակրթության իսպառ կորուստի խոր ափսոսանք է. չէ որ այն տարածքները, ուր հայերն ապրել են հազարամյակներով, գրեթե հիմնովին սրբվել են հայկական հետքերից: Չկան ոչ միայն հայերի կառուցած հոյակապ շինություններն ու եկեղեցիները, այլեւ իրենք` հայերը, նրանց արհեստները, արվեստները, նիստուկացը, հագուկապը, լեզուն, երգերն ու պարերը, որոնց միջոցով կազմվում է հասարակություն եւ ժողովուրդ: Սա վիթխարի կորուստ է ոչ միայն հայերի, այլեւ համայն մարդկության համար:
Գիտեք, արդեն մեկ դար է անցել հայերի կոտորածներից, եւ այս 100 տարվա ընթացքում շարունակվել են ողբերգություններն ու արյունահեղությունները` Երկրորդ համաշխարհայինի ընթացքում Հոլոքոստը, մեր աչքի առջեւ Կամբոջան, Ռուանդան, այսօր Իրաքում ու Սիրիայում տասնյակ հազարավոր զոհեր, միլիոնավոր փախստականներ: 1915-ին հայերի հետ մեծ թվով զոհվեցին հույներն ու ասորիները, 1940-45-ին հրեաների հետ գնչուներն ու լեհերը: Այս դժոխային մսաղացը կանգ չի առնում: Եվ ես երբեմն մտածում եմ` թերեւս այն կանգ առնի, երբ ճանաչվի Հայոց ցեղասպանությունը, որով սկսվել էր այս անիծյալ շղթան: Հայոց ցեղասպանության ճանաչումն ինձ համար լակմուսի թուղթ է, թե մարդկությունն արդյոք հասե՞լ է մի կետի, որից հետո այլեւս հետդարձ չի լինի:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: