• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Ստրադա Արմենեասկա փառատոնը խանդավառություն է առաջացնում ամառային Բուխարեստում

05 օգոստոսի, 2013

“Համադամ ուտելիքներ ու բուրավետ համեմունքներ, հին կոնյակ եւ աննման նռան գինի. այս ամենը կարող եք գտնել Ստրադա Արմենեասկայում”, երեկոյան լուրերի մեջ հայտնում է ռումինական հեռուստատեսությունը Բուխարեստի Հայկական փառատոնի մասին: Երեք օր շարունակ` օգոստոսի 2-4-ին, վաղ առավոտից մինչեւ ուշ գիշեր Բուխարեստի Հայկական թաղամասում` Քարտիերուլ Արմենեասկայում/Cartierul Armeneasca տարածվել էին հայկական գույներն ու բուրմունքները, հնչում էին երգուպարը, ծիծաղն ու ծափերը: Հայկականի հետ խառնվել էին հունական ու իսրայելական դրոշակները, գնչուական արբեցնող ռիթմերին հետեւում էին հունական սիրտակին եւ հրեական Հավա Նագիլան: Հազարավոր բուխարեստցիներ լցվել էին Հայոց եկեղեցու բակն ու նրան հարող Արմենեասկա փողոցը, խումբ-խումբ ծեփվել ռումինահայոց մասին պատմող մեծադիր պատկերներին, գրքերի, զարդեղենի, հայկական հռչակավոր սուրճի, կոնյակի եւ թխվածքների կրպակներին: Գույնզգույն վրանների ու կրպակների միջեւ շրջում էին աճպարարներն ու բախտագուշակները, այսուայտնեղ կանչում էր պատանի լրագրավաճառը, աչքիդ առաջ զարդեր էր ձուլում արծաթագործը, հայկական գեղագրեր գծում նկարիչը: Մանուկները ճռվողում էին Առաջնորդարանի կանաչ բակում, մեծերը հիշողությունների կծիկը բացում հընթացս սարքված հայկական ճաշարանի ստվերում, մի բաժակ սուրճի ու օշարակի շուրջ:

Հայկական փողոցը կարծես վերագտել էր հին օրերի շունչն ու ռիթմը, երբ մի քանի դար առաջ այստեղ էին հաստատվել հայերը, բացել իրենց խանութներն ու արհեստանոցները, հիմնել եկեղեցի, դպրոց ու տպարան: Բուխարեստի ճիշտ կենտրոնում հայտնված Հայկական թաղամասում տեղացիների հետ կողք-կողքի համերաշխորեն ապրում էին հայերը, հրեաները, հույներն ու գնչուները, Ստրադա Արմենեասկայով ճեմում էին ժամանակի ռումին եւ հայ նշանավոր դեմքերը:

Ահա այս մթնոլորտն ու միջավայրն էին ցանկացել վերականգնել փառատոնի կազմակերպիչները` Ռումինահայոց միությունն ու թեմը, հրավիրելով դրացի հույներին, հրեաներին եւ գնչուներին միասին վերապրելու անցյալը, կիսելու այսօրվա բախտն ու ուրախությունները: Ծրագրին պատրաստակամորեն միացել էր Բուխարեստի քաղաքապետարանը, տրամադրել վիթխարի բացօթյա բեմ ու հարմարանքներ, երեք օրով փակել փողոցի երթեւեկությունը:

Փառատոնը բացվեց օգոստոսի 2-ի երեկոյան, հայկական դուդուկի համերգով, որ մատուցեց Տիմիշոարայի/Timisoara ֆիլհարմոնիկ նվագախմբի Սոնուս տրիոն/Trio Sonus` ռումին դուդուկահար Կոսմին Բըլեանի/Cosmin Balean հրաշալի կատարմամբ: Երեկոն շարունակեցին Բուխարեստի հայկական “Վարդավառ” պարախումբն ու հունական մանկական ու պատանեկան խմբերը:

Հաջորդ օրերին վարակիչ ելույթներ ունեցան գնչուական ու հրեական խմբերը: Ռումին երգչուհիները կատարեցին հայկական ժամանակակից երգեր, Կարմեն Ասֆադուրյանի/Carmen Asfadurian նվագակցությամբ հայկական դասական երգեր հնչեցրեց Վիկտորյա Պետրոսյանը: Բուխարեստի երաժշտասեր հասարակությանը ծանոթ Գաբրիել եւ Կարապետ Դեդեյան եղբայրները ջազի հնչյուններով լցրին փողոցն ու հարակից բակերը:

Փառատոնը փակվեց “Վարդավառի” գեղարվեստական ղեկավար Բելլա Մարտիկյանի սաների կրակոտ ելույթով, որին վերջում միացան հանդիսականները: Մինչեւ ուշ գիշեր լեփ-լեցուն փողոցում տիրում էր խանդավառություն եւ ուրախություն:

Հայկական միջոցառումն անսպասելիորեն վերածվեց համընդհանուր ժողովրդական տոնախմբության ու համերաշխության ցույցի: Երեք օրվա ընթացքում մոտ տասը հազար մարդ էր ներկա: Հյուրեր կային նաեւ Ֆրանսիայից, Հոլանդիայից, Բելգիայից, անգամ Բրազիլիայից եւ Մեքսիկայից: Պատգամավոր Վարուժան Փամբուկչյանը/Varujan Pambuccian, որ շնորհալի երիտասարդ Հրանտ Ջաղինյանի հետ երեք օր շարունակ հմտորեն վարում էր հանդիսությունը, կարողացավ հանրության հետ ստեղծել հոգեկան ուժեղ կապ, որն ապահովեց փառատոնի հաջողությունը եւ հայերի նկատմամբ համակրանքը:

“Սա լավագույն փառատոններից է, որ ես երբեւէ տեսել եւ կազմակերպել եմ Սփյուռքի տարբեր երկրներում, եւ կցանկանայի, որ այն հարատեւեր”, ոգեւորված հայտարարեց Ռումինահայոց առաջնորդ Տաթեւ Եպս. Հակոբյանը: “Հայկական թաղամասում միաձուլվում են ոչ միայն ճանապարհները, այլեւ ճակատագրերը, այստեղ մշակույթները երկխոսում են միմյանց հետ, այստեղ կերտվում եւ ամրապնդվում է ժողովուրդների միջեւ համերաշխությունը եւ բարեկամությունը”, տոնից տպավորված իր հերթին ասում է Հայաստանի դեսպան Համլետ Գասպարյանը:

Ըստ կազմակերպիչների, Ստրադա Արմենեասկա փառատոնն իր հաջողության շնորհիվ հավակնում է դառնալ ավանդական: Հունիս-հուլիս ամիսներին դրան նախորդել էին հայկական մշակութային օրեր Տրանսիլվանիայի Գեռլա/Gherla եւ Դումբրավեն/Dumbraveni հայաբնակ քաղաքներում: Առաջիկա սեպտեմբերին պատրաստվում է Հայկական մշակութային օրերի երկրորդ թողարկումը Բուխարեստի Գյուղի բացօթյա թանգարանում:

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: