• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Ռումինիայում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում ռումին մի խումբ քաղաքապետերի հետ

24 հոկտեմբերի, 2011
Ռումինիայում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում ռումին մի խումբ քաղաքապետերի հետ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Ս/թ հոկտեմբերի 24-ին Ռումինիայում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում ռումին մի խումբ քաղաքապետերի հետ, որոնք ճանաչողական այցով նույն օրը մեկնում էին Հայաստան:

Դեսպան Համլետ Գասպարյանը ռումին քաղաքապետերին ներկայացրեց այն կարեւորությունը, որ Հայաստանի կառավարությունը տալիս է գործընկեր երկրների հետ ապակենտրոնացված մակարդակով համագործակցության զարգացմանը: Նման հորիզոնական կապերը նպաստում են տարածքների եւ համայնքների միջեւ տեղական ինքնակառավարման, մշակույթի, եւ կրթության ոլորտներում փորձի փոխանակմանը, տուրիզմի եւ տեղական արտադրության ոլորտներում համատեղ ծրագրերի խթանմանը:

Աշխատանքային հանդիպմանը մասնակցում էին նաեւ Ռումինահայոց թեմի առաջնորդ Տաթեւ Վրդ. Հակոբյանը եւ Ռումինիայի խորհրդարանի Ազգային փոքրամասնությունների խմբի նախագահ Վարուժան Փամբուկչյանը:

Սա ռումին քաղաքապետերի առաջին այցն է Հայաստան: Հայաստանի դեսպանության նախաձեռնած այս այցն իրականացվում է ՀՀ տարածքային կառավարման նախարարության եւ ՀՀ արտաքին գործերի նախարարության համագործակցությամբ: Խմբի մեջ ընդգրկված են Պիտեշտի/Pitesti քաղաքապետ Թուդոր Պենդիուկը/Tudor Pendiuc, Ֆոկշանի/Focsani փոխքաղաքապետ Բոգդան Մատիշանը/Bogdan Matisan, Ռոմանի/Roman քաղաքապետ Լաուրենցիու Լեորեանուն /Laurentiu Dan Leoreanu, Գեռլայի/Gherla քաղաքապետ Օվիդիու Դրագանը/Ovidiu Ionel Dragan, Դումբրավենի/Dumbraveni քաղաքապետ Ջորջետա Իրիմիեն/Irimie Georgeta եւ Ֆրումոասայի/Frumoasa քաղաքապետ Տիբոր Ֆերենցը/Ferencz Tibor:

Ռումին քաղաքապետները ժամանման օրն իսկ Երեւանում հանդիպումներ են ունենալու ՀՀ տարածքային կառավարման նախարարության ղեկավարության հետ, այցելելու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, հաջորդ օրերին ուղեւորություններ են կատարելու Տավուշի եւ Շիրակի մարզեր, ուր մարզային եւ Դիլիջանի ու Գյումրիի քաղաքային իշխանությունների հետ քննարկելու են հավանական կապերի հաստատման հնարավորությունները: Ծրագրի մեջ ընդգրկված են նաեւ այցելություններ պատմամշակութային հուշարձաններ եւ հիշատակի վայրեր:

Ռումինացիները, որոնք բավականին հարուստ փորձ են կուտակել ապակենտրոնացված մակարդակով համագործակցության բնագավառում, հետաքրքրություն են ցուցաբերում Հայաստանի հետ նույնպես կապեր հաստատելու, մասնավորապես հաշվի առնելով Ռումինիայում հայոց դարավոր ներկայությունն ու թողած հարուստ մշակութային ժառանգությունը, որոնց միջոցով հնարավոր է խթանել տեղական տուրիզմն ու իրականացնել փոքր ծրագրեր:

Տեղեկանք: Ռումինիայի հայ համայնքը համարվում է Եվրոպայում հնագույններից մեկը: Հայերն այս տարածքներում հաստատվել են 10-րդ դարից սկսած: Միջին դարերում Մոլդովայում հայերի թիվն այնքան էր աճել, որ Ալեքսանդր Բարի իշխանի 1401թ. հուլիսի 30-ի հրովարտակով նրանց համար Սուչավա մայրաքաղաքի մեջ հաստատում է հայոց եպիսկոպոսական աթոռը: Հայերը, որպես ռումինական հասարակության բաղկացուցիչ մաս, լիակատար կերպով մասնակցում էին Ռումինիայի քաղաքական, տնտեսական, մշակութային եւ հասարակական կյանքին` իրենց կարեւոր նպաստը բերելով երկրի զարգացմանը եւ բարգավաճմանը: Հայոց ներկայությունը, նույնիսկ մինչեւ այսօր զգալի է: Այսօր հայ համայնքին վերապահված է փոքրամասնության կարգավիճակ, որն իր ներկայացուցիչն ունի Ռումինիայի Խորհրդարանում: Ներկայումս Ռումինիայի տարածքում առկա են երկու տասնյակից ավելի հայկական եկեղեցիներ: Օր.` Բոտոշանի Սուրբ Երրորդություն եկեղեցին կառուցվել է դեռեւս 1350թ., Յաշի Սուրբ Մարիամ եկեղեցին, որ մինչեւ այսօր կանգուն է, քաղաքի ամենահին կառույցներից է (1395թ.), Սուչավայում գործում են Սուրբ Խաչ (1521թ.) եկեղեցին եւ Հաճկատար (1512թ.) ու Զամկա (1551թ.) վանքերը, որոնք հայտնի են ոչ միայն հայերի, այլեւ տեղացիների մեջ: Տրանսիլվանիայում Գեռլա եւ Դումբրավեն քաղաքները 18-րդ դարի սկզբին հիմնվել են հայերի կողմից, ուր առկա է հայկական հարուստ մշակութային ժառանգություն`քաղաքային հոգեւոր եւ աշխարհիկ շինությունների, արվեստի գործերի, գիտապատմական հետաքրքրություն ներկայացնող արժեքավոր արխիվների տեսքով: Բուխարեստի կենտրոնում` “Հայկական թաղամասում” է գտնվում Սբ Հրեշտակապետաց Հայոց Մայր եկեղեցին`հարակից Առաջնորդարանով, Դուդյան Մշակույթի կենտրոնով, թանգարանով եւ Ռումինիայի Հայոց միության վարչական շենքով, քիչ հեռու`Հայկական գերեզմանոցը, “հին քաղաքի” տեսարժան վայրերից է համարվում “Հանուլ Մանուկ” իջեւանատան համալիրը, նշանավոր են Զամբակչյան թանգարանը եւ Աննա Մելիքի պալատը:

Ռումինահայ համայնքը պատրաստվում է 2012թ. օգոստոսին մեծ շուքով նշելու Հաճկատար վանքի հիմնադրման 500-ամյակը:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: