• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի պաշտոնական այցը Ռումինիա

22 ապրիլի, 2011

Ս/թ ապրիլի 20-22-ին Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը պաշտոնական այց կատարեց Ռումինիա, որի ընթացքում նա հանդիպեց Ռումինիայի կրթության, գիտության, երիտասարդության եւ սպորտի նախարար Դանիել Ֆուներիուի/Daniel Funeriu եւ Ռումինիայի Գիտական հետազոտությունների ազգային մարմնի նախագահ, պետքարտուղար Դրագոշ Չուպարուի/Dragos Ciuparu հետ, ստորագրեց Հայաստանի կրթության եւ գիտության նախարարության եւ Ռումինիայի կրթության նախարարության միջեւ գիտական եւ տեխնոլոգիական համագործակցության Համաձայնագիրը:

Արմեն Աշոտյանը հանդիպեց նաեւ Ռումինիայի Խորհրդարանի Ազգային փոքրամասնությունների խմբի ղեկավար Վարուժան Փամբուկչյանի հետ, այցելեց Բուխարեստի համալսարան, Բուխարեստի բժշկական եւ դեղագործական համալսարան, հանդիպում ունեցավ ռումինական բուհերում սովորող հայ ուսանողների հետ:

Ռումին գործընկերների հետ պաշտոնական հանդիպումների ժամանակ քննարկվեցին կրթության եւ գիտության ոլորտում երկկողմ համագործակցության ընթացիկ ծրագրերը եւ հեռանկարները: Նախարարները գոհունակություն հայտնեցին բուհական ոլորտում իրականացվող փոխանակումների կապակցությամբ, ինչի շնորհիվ այսօր Ռումինիայի զանազան կրթական հաստատություններում իրենց ուսումն են շարունակում մոտ երկու տասնյակ հայ երիտասարդներ: Նշելով հայ եւ ռումին ժողովուրդների դարավոր բարեկամական կապերը, ռումինահայ հարուստ եւ եզակի մշակութային ժառանգությունը, ինչպես նաեւ մշակույթի, կրթության եւ գիտության բնագավառներում միջկառավարական համագործակցության Ծրագրի ընձեռնած հնարավորությունները, երկուստեք պատրաստակամություն հայտնվեց կյանքի կոչելու համաձայնեցված ծրագրերը եւ նախաձեռնելու նորերը:

Նախարար Դանիել Ֆուներիուի, ինչպես նաեւ Բուխարեստի համալսարանի ռեկտոր Իոան Պընզարուի/Ion Panzaru հետ քննարկման առանձին առարկա դարձավ Բուխարեստի համալսարանում հայերենի ուսուցման դասընթացի վերականգնման հարցը: Նման հնարավորություն նախատեսված է Մշակույթի, կրթության եւ գիտության բնագավառներում միջկառավարական համագործակցության Ծրագրով: Թեեւ Երեւանի Բրյուսովի անվ. լեզվագիտական համալսարանում, պայմանավորվածության համաձայն, հաջողությամբ իրականացվում է ռումիներենի ուսուցումը, երկրորդ ուսումնական տարին է, Բուխարեստի համալսարանում հայերենի դասընթացներն ընդհատված են, ռումինական կողմի բացատրությամբ, բավարար պայմանների բացակայության պատճառով: Նախարար Աշոտյանը հույս հայտնեց, որ ռումինական կողմը կանի ամեն ինչ, դասընթացները վերականգնելու համար` հայերենի նկատմամբ հետաքրքրություն առաջացնելով ինչպես ուսանողների, այնպես էլ երիտասարդ հետազոտողների մոտ: Դրան զուգահեռ նախարարն առաջարկեց քննարկել Բուխարեստի համալսարանում հայկական ուսումնասիրությունների կենտրոն հիմնելու հնարավորությունը: Գաղափարը դրականորեն ընդունվեց ռումին գործընկերների կողմից եւ պայմանավորվածություն ձեռք բերվեց այդ ուղղությամբ աշխատանքներ տանել գիտական եւ համալսարանական շրջանակների հետ:

Նախարարներ Աշոտյանը եւ Ֆուներիուն անդրադարձան նաեւ Բոլոնիայի գործընթացի շրջանակներում համագործակցությանը` մասնավորապես ընթացիկ տարվա երկրորդ կեսին հայ-լեհական համանախագահությամբ իրականացվելիք միջոցառումներին: Ա. Աշոտյանը իր գործընկերոջը պատասխան այցով հրավիրեց Հայաստան: Հանդիպման ավարտին նախարարները հանդես եկան լրագրողների առջեւ:

Ռումինիայի Խորհրդարանի Ազգային փոքրամասնությունների խմբի ղեկավար Վարուժան Փամբուկչյանի հետ հանդիպմանը վերջինս, որը ռումինահայերից զատ, որպես խմբի նախագահ Խորհրդարանում ներկայացնում է Ռումինիայի 17 այլ փոքրամասնություններին, պարզաբանումներ տվեց մայրենի լեզվի ուսուցման, մշակութային ժառանգության եւ մշակութային ինքնության պահպանմանն ու զարգացմանն ուղղված ռումինական օրենսդրության, ինչպես նաեւ կառավարության ձեռնարկած քայլերի վերաբերյալ, որոնք ապահովում են փոքրամասնությունների իրավունքները: Մտահոգություն հայտնելով Ռումինիայում հայախոսների թվի նվազման կապակցությամբ, հատկապես երիտասարդ սերնդի մոտ, ինչը մասամբ բացատրվում է հայկական հավաք բնակչության բացակայությամբ, որը հնարավորություն չի տալիս տարբեր բնակավայրերում ապրող երեխաներին համախմբել մեկ դպրոցում, Վ. Փամբուկչյանը ներկայացրեց հայերենի հեռակա էլեկտրոնային ուսուցման իր ծրագիրը: (Այս նյութի շուրջ աշխատանքային հանդիպում կայացավ նաեւ բարձր տեխնոլոգիաների ոլորտում ռումինական առաջատար UTI Group ընկերության պատասխանատուների հետ):

Հետաքրքրություն ցուցաբերելով ծրագրի նկատմամբ, նախարար Աշոտյանը հայտնեց, որ Սփյուռքի տարբեր համայնքներում հայերենի ուսուցման խնդիրները նույնն են եւ դրանք գտնվում են ՀՀ ԿԳ նախարարության մշտական ուշադրության կենտրոնում, մասնավորապես նախարարությունը ջանքեր է գործադրում Սփյուռքի կրթօջախներում հայերենի ուսուցմանն ամենայն կերպ նպաստելու ուղղությամբ` հաշվի առնելով, որ հայերենի իմացությունն ազգային ինքնության անկյունաքարն է, իսկ հայապահպանությունն ինքնին բխում է Հայաստանի ազգային շահերից:

Երկօրյա ծրագրի մեջ ընդգրկված էր նաեւ այցելություն Բուխարեստի Հայոց կենտրոն, ուր նախարարը ծանոթացավ Ռումինահայոց թեմի, Հայոց միության, կենտրոնում գործող հարուստ թանգարանի եւ մշակույթի տան աշխատանքներին եւ ծրագրերին, զրուցեց հայկական միօրյա դպրոցի ուսուցիչների եւ աշակերտների հետ: Հայապահպանության, Հայաստան-Սփյուռք հարաբերությունների, Հայաստանի զարգացման հեռանկարների վերաբերյալ նախարար Աշոտյանը հանգամանալից զրույց ունեցավ Հայոց թեմի առաջնորդ Տաթեւ վրդ. Հակոբյանի, Հայոց միության նախագահ, սենատոր Վարուժան Ոսկանյանի եւ համայնքային այլ պատասխանատուների հետ:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: