• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Ռումինիայում տեղի ունեցավ հայ-ռումինական առեւտրատնտեսական եւ գիտատեխնիկական միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստ

10 մարտի, 2011

Ս/թ մարտի 10-ին Բուխարեստում, Ռումինիայի տրանսպորտի նախարարության նիստերի դահլիճում տեղի ունեցավ Հայ-ռումինական առեւտրատնտեսական եւ գիտատեխնիկական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 3-րդ նիստը: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր հանձնաժողովի համանախագահ, Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը: Պատվիրակության կազմի մեջ էին մտնում Հայաստանի ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը, ինչպես նաեւ տրանսպորտի, գյուղատնտեսության, մշակույթի, արտաքին գործերի նախարարությունների ներկայացուցիչներ, Զարգացման հայկական գործակալության եւ Հայաստանի արդյունաբերողների եւ արտադրողների միության ղեկավարներ: Ռումինական կողմից հանձնաժողովը ղեկավարում էր Ռումինիայի տրանսպորտի եւ ենթակառուցվածքների նախարար Անկա Դանիելա Բոաջիուն:

Նիստին նախորդեց երկու նախարարների առանձնազրույցը, որի ընթացքում զրուցակիցներն անդրադարձան երկկողմ տնտեսական հարաբերությունների ներկա վիճակին եւ զարգացման հեռանկարներին:

Լիագումար նիստն սկսվեց տիկին Անկա Դանիելա Բոաջիուի բացման խոսքով:

Շնորհակալություն հայտնելով հայ-ռումինական միջկառավարական հանձնաժողովի երրորդ նիստը բարձր մակարդակով կազմակերպելու և ջերմ ընդունելություն ցուցաբերելու համար` ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանն իր ելույթի մեջ նշեց, որ թեեւ Հայաստանի և Ռումինիայի միջև համագործակցության զարգացման համար ստեղծված է լիարժեք իրավապայմանագրային դաշտ, երկկողմ համաձայնագրեր են ստորագրված հնարավոր համագործակցության գրեթե բոլոր բնագավառներում, սակայն նշված համաձայնագրերի չկիրառելու կամ մասամբ կիրառելու պատճառով թե տնտեսական, թե գիտակրթական ու մշակութային բնագավառներում երկու երկրների միջև առկա համագործակցությունը չի համապատասխանում իրական հնարավորություններին և այս առումով դեռևս կան բավականին անելիքներ:

Դրական համարելով երկու երկրների միջև վերջին տարիների առևտրաշրջանառության դինամիկայի որոշակի աճը, երբ 2009թ. հունվար-նոյեմբեր ամիսներին 66,1 մլն ԱՄՆ դոլարի առևտրաշրջանառության դիմաց, հակառակ համաշխարհային ճգնաժամի, 2010թ. հունվար-նոյեմբեր ամիսներին գրանցվել է 73,7 մլն ԱՄՆ դոլար, նախարարը նշեց, որ այնուամենայնիվ առևտրաշրջանառության գումարը բավականին փոքր է իրական հնարավորություններից: Մեծ է նաև տարբերությունը ներմուծում-արտահանում առևտրային բալանսի մեջ` 73,2 մլն ԱՄՆ դոլար ներմուծման պարագայում Հայաստանը արտահանել է ընդամենը 450 հազ. ԱՄՆ դոլարի ապրանք, տեղեկացրեց նա:

Մ. Վարդանյանը համոզմունք հայտնեց, որ նշված ցուցանիշների կտրուկ բարձրացման և համագործակցության ամրապնդման համար անհրաժեշտ է հնարավորինս հաճախ կազմակերպել համատեղ հանդիպումներ, ինչպես նաև փոխադարձ գործարար համաժողովներ և ցուցահանդեսներ: Այսօր մեր հիմնական նպատակն է առավելագույնս բացահայտել մեր երկրների տնտեսական հնարավորությունները, ասաց նախարարը:

Հաշվի առնելով տրանսպորտային փոխադրումների հետ կապված հավելյալ ծախսերը, որոնք զգալի ազդեցություն են գործում երկու երկրների միջև ապրանքների շրջանառության գնագոյացման վրա, ինչն իր հերթին բացասական ազդեցություն է ունենում ապրանքների մրցունակության ապահովման հարցում, Մ. Վարդանյանն առաջարկեց համագործակցության եզրեր գտնել այնպիսի բնագավառներում, որոնց մեջ տրանսպորտային փոխադրումների սակագների տեսակարար կշիռը ապրանքների գնագոյացման մեջ ունի փոքր արժեք: Այդ բնագավառներից են տեղեկատվական բարձր տեխնոլոգիաները, որոնց զարգացումը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հայտարարվել է որպես տնտեսության զարգացման առաջնահերթ բնագավառներից մեկը: Նախարարը նշեց նաեւ մի քանի այլ ուղղություններ` ոսկերչություն և ադամանդագործություն, որտեղ Հայաստանը ավանդականորեն համարվում է տարածաշրջանի առավել զարգացած կենտրոններից մեկը, բուռն զարգացում ապրող առողջապահության բնագավառը, մասնավորապես սրտանոթային և ատամնաբուժական ոլորտը, ինչպես նաև առողջարանային բուժումը: Մեծ ներուժ են պարունակում նաև ավանդական զբոսաշրջության, ինչպես նաև գյուղատնտեսության, շրջակա միջավայրի և հումանիտար ոլորտները:

Մ. Վարդանյանը կարեւորեց նաեւ Ռումինիայի փորձը եվրաինտեգրման, ինչպես նաև տարբեր բնագավառների զարգացման եվրոպական գործիքների և կանոնների կիրառման բնագավառներում, որը նա կարող է փոխանցել Հայաստանին:

Աշխատանքային խմբերի մակարդակով միջկառավարական համատեղ ժողովի ընթացքում, որը հաջորդեց լիագումար նիստին, կողմերը, քննարկելով տնտեսական երկկողմ հարաբերությունների ընթացիկ վիճակը, պատրաստակամություն հայտնեցին ձեռք առնել անհրաժեշտ բոլոր միջոցները փոխադարձ հիմունքներով դրանք բարելավելու համար:

Այդ առումով կարեւորվեց արդյունաբերության, առեւտրատնտեսական համագործակցության, էներգետիկայի, տրանսպորտի, գյուղատնտեսության, փոքր եւ միջին ձեռնարկատիրությունների զարգացման, առեւտրաարդյունաբերական պալատների եւ զբոսաշրջության ուղղությամբ համագործակցությունը:

Առեւտրատնտեսական համագործակցության հետագա զարգացման ուղղությամբ կողմերը նշեցին շրջանային կապերի ընդարձակման, տնտեսավարող սուբյեկտների միջեւ ուղիղ շփումների հաստատման, միմյանց տնտեսական ցուցահանդեսներին մասնակցության, ինչպես նաեւ գործարար շրջանակների միջեւ փոխայցելությունների կազմակերպման անհրաժեշտությունը:

Առաջարկվեց ընթացիկ տարում Երեւանում եւ Բուխարեստում կազմակերպել գործարար ֆորումներ, ինչպես նաեւ տեղական արտադրանքների տարեկան մասնագիտացված ցուցահանդեսներ: Հատուկ ուշադրություն դարձվեց գյուղատնտեսական ոլորտին, որտեղ առկա են համագործակցության զգալի հնարավորություններ, մասնավորապես ինչ վերաբերում է բնագավառին առնչվող տեղեկությունների ու փորձի փոխանակմանը, գյուղմթերքների վերամշակման համատեղ ձեռնարկությունների հիմնադրմանը, գյուղատնտեսական գիտակրթական հաստատությունների միջեւ համագործակցության հաստատմանը, մասնագետների վերապատրաստմանը եւ կատարելագործմանը, գյուղատնտեսական տոնավաճառներին մասնակցությանը եւ այլն: Պայմանավորվածություն ձեռք բերվեց խորացնել երկկողմ համագործակցությունը եւ շարունակել փոխադարձ աջակցությունը տրանսպորտի բնագավառի միջազգային կազմակերպությունների եւ նախաձեռնությունների շրջանակներում, մասնավորապես ՍԾՏՀԿ-ում, ՏՐԱՍԵԿԱ-ի Միջկառավարական հանձնաժողովում եւ Միջազգային տրանսպորտային ֆորումում: Անդրադարձ կատարվեց նաեւ առողջապահության եւ տուրիզմի բնագավառներում հնարավորությունների բացահայտմանը:

Միջկառավարական համատեղ հանձնաժողովի 3-րդ նիստի ավարտին կողմերը ստորագրեցին համատեղ արձանագրություն, որտեղ ամփոփվեցին հանդիպման արդյունքները եւ մատնանշվեցին համագործակցության ամրապնդման հետագա քայլերը:

Կողմերն ընդգծեցին Արձանագրության դրույթների իրականացման հսկողության անհրաժեշտությունը ինչպես տեղեկությունների փոխանակման, այնպես էլ ԱԳ ներկայացուցիչների միջեւ հանդիպումների կազմակերպման միջոցով: Պայմանավորվածություն ձեռք բերվեց հաջորդ` 4-րդ նիստն անցկացնել 2012թ. Երեւանում:

Նույն օրը կեսօրին Ռումինիայի վարչապետ Էմիլ Բոկն ընդունեց ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանին: Հանդիպման ընթացքում երկուստեք գոհունակություն հայտնվեց միջկառավարական համատեղ հանձնաժողովի հերթական նիստի անցկացման կապակցությամբ, որը կխթանի առեւտրատնտեսական կապերի ընդարձակմանը, ինչպես նաեւ կրթության, գիտության եւ մշակույթի ոլորտներում կոնկրետ ծրագրերի մշակմանն ու իրականացմանը: Նշելով անցյալ տարի առեւտրատնտեսական փոխանակումների բնագավառում գրանցված աճը` կողմերը մտքեր փոխանակեցին այդ դրական դինամիկան պահպանելու եւ զարգացնելու շուրջ: Նկատի առնելով թե երկկողմ առկա ներուժը, թե մասնավորապես ԵՄ Արեւելյան գործընկերության, ինչպես նաեւ Սեւծովյան համագործակցության շրջանակներում ընձեռնված հնարավորություններն ու մեխանիզմները` վարչապետ Բոկը եւ նախարար Վարդանյանը պատրաստակամություն հայտնեցին առավել գործուն ջանքեր գործադրել փոխադարձ շահավետ պայմանավորվածություններ ձեռք բերելու ուղղությամբ:

Կոնկրետ բնագավառներում տնտեսական կապերի խորացման հարցերի շուրջ մտքերի փոխանակություն տեղի ունեցավ նաեւ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանի եւ Ռումինիայի հաղորդակցությունների եւ տեղեկատվական հասարակության նախարար Վալերիան Վրեմեի հանդիպման ժամանակ:

Նույն օրը երեկոյան ռումինական կողմը պաշտոնական ճաշ տվեց ի պատիվ հայկական պատվիրակության:

Մարտի 11-ին նախարար Վարդանյանը հանդիպումներ կունենա նաեւ Ռումինիայի Խորհրդարանում, ուր Խորհրդարանի ազգային փոքրամասնությունների խմբակցության եւ Ռումինիա-Հայաստան բարեկամական խմբի նախաձեռնությամբ քննարկումներ կծավալվեն խորհրդարանականների միջամտությամբ եւ աջակցությամբ ապակենտրոնացված մակարդակով համագործակցության հաստատման շուրջ: Նախարարը կայցելի նաեւ Բուխարեստ քաղաքի աղետների կառավարման եւ երթեւեկության վերահսկման կենտրոն:

Նույն օրը նախատեսվում է Ռումինիայի Առեւտրաարդյունաբերական պալատում կազմակերպել հայ-ռումինական կլոր սեղան`» Հայաստանում գործարարության եւ ներդրումների միջավայրի հնարավորությունները» թեմայով, որին ներկա կլինեն ռումինական հայտնի ընկերությունների եւ ձեռնարկությունների մոտ չորս տասնյակ ներկայացուցիչներ: Ներկայացումով հանդես կգան Հայաստանի արդյունաբերողների եւ արտադրողների միության գործադիր տնօրեն Գագիկ Մակարյանը եւ Զարգացման հայկական գործակալության փոխտնօրեն Լուսինե Թումյանը:

Հայկական պատվիրակությունը ժամանման օրը`մարտի 9-ին այցելեց Բուխարեստի Զամբաքչյան թանգարան, Սուրբ Հրեշտակապետաց Հայոց մայր եկեղեցի եւ հարակից հայկական մշակութային կենտրոն, ուր հանդիպում կազմակերպվեց ռումինահայ համայնքի հետ: Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Տ. Տաթեւ վարդապետը, Ռումինիայի Հայոց միության նախագահ, սենատոր Վարուժան Ոսկանյանը, Ռումինիայի Խորհրդարանի ազգային փոքրամասնությունների խմբակցության նախագահ Վարուժան Փամբուկչյանը հայկական պատվիրակությանը ծանոթացրին համայնքային կառույցների գործունեության ուղղություններին եւ ծրագրերին:
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: